Սիրիա, Կիպրոս, Հայաստան, Ավստրալիա, Չինաստան, Ինդոնեզիա: Սա այն երկրներն են, որտեղ սովորել, մասնագիտական լավագույն փորձն է ձեռքբերել արևելագետ, միջազգայնագետ Արարատ Կոստանյանը: Ուսումնառության հերթական կանգառը՝ Ինդոնեզիայի Միջազգային իսլամական համալսարանն է: Աշխարհի ամենամեծ մուսուլմանական բնակչությունն ունեցող երկրում Արարատ Կոստանյանին հետաքրքրել է քրիստոնյա փոքրամասնության և մահմեդական մեծամասնության սոցիալական համախմբվածությունը և հիմք հանդիսացել այդ թեմայով գիտական հետազոտություն իրականացնելու:
NEWS.am-ին տված հարցազրույցում Արարատ Կոստանյանը պատմել է Ինդոնեզիայում սովորելու պատճառների, այդ երկրի կրթական փորձի, Ինդոնզեիայի հետ ակադմիական հարաբերությունների հաստատման իր փորձի, Հարավարևելյան Ասիայի երկրների հետ Հայաստանի համագործակության զարգազման հեռանկարների և այլ հարցերի շուրջ:
Արարատ Կոստանյանը ՀՀ ԳԱԱ նախկին գիտաշխատող է, Պեկինի Արտասահմանյան ուսումնասիրությունների համալսարանի (Չինաստան) գիտական անդամ, Կուալա Լումպուրի (Մալազիա) «Միջազգային Շարժում Հանուն Արդար Աշխարհի» հիմնադրամի, Հնդկաստանի «Յուսանաս» հիմնադրամի անդամ, Ասիայի ինստիտուտի (Վաշինգտոն) հետազոտող:
-Ինչպե՞ս որոշեցիք սովորել Ինդոնեզիայում, արդյոք դժվար չէ՞ր հարմարվելը աշխարհի ամենամեծ բնակչություն ունեցող երկրներից մեկում, որի հետ Հայաստանն ունի քաղաքակրթական և մշակութային զգալի տարբերություններ:
-Նշեմ, որ սա իմ առաջին այցելությունը չէ տարածաշրջան: Ես մի քանի տարի ապրել և աշխատել եմ այնտեղ՝ արվեստի բնագավառի ընտանեկան բիզնոսով պայմանավորված: Առաջին անգամ այցելել եմ այդ տարածաշրջան 1990-ականների սկզբին: Երկար տարիներ անց որոշեցի շարունակել ուսումս Հարավարևելյան Ասիայի լավագույն համալսարաններից մեկը համարվող Ինդոնեզիայի Միջազգային իսլամական համալսարանում ՝ որպես սոցիալական և քաղաքական գիտությունների դոկտոր:
-Ի՞նչ տպավորություններ ունեք աշարհի ամենամեծ մուսուլմանական բնակչություն ունեցող երկրի և բնակչության մասին:
-Տպավորված եմ այդ երկրի մշակույթով, բազմամիլիոն բնակչության խաղաղ համակեցությամբ ապրելու օրինակով: Կարող եմ փաստել, որ ներկայում Ինդոնեզիայի կառավարությունը և ժողովուրդը համատեղ մեծ զարգացում են ապրում: Երկիրը նախատեսում է 2049 թվականին վերածվել մեկ այլ ասիական հսկայի` զարգացած երկրների ցանկում: Տնտեսության, տեխնոլոգիայի և կրթության ոլորտներում զարգացման աճն ակնհայտ է: Բացի դրանից, Ինդոնեզիան հայտնի է իր հարուստ բնական ռեսուրսներով. այն ունի նիկելի ամենախոշոր արտադրությունն աշխարհում, կոբալտի երկրորդ խոշոր արտադրողն է, ինչպես նաև աշխարհում առաջատարներից է գյուղատնտեսության, հատկապես սուրճի մշակման և արտահանման ոլորտում: Ինդոնեզիան վերահսկում է նաև միջազգային առևտրի համար աշխարհում կարևորագույն նշանակություն ունեցող ջրային ուղիներից մեկը:
Հասարակական և քաղաքական մթնոլորտի բազմաթիվ փոփոխություններ տեղի են ունենում աշխարհակարգի փոփոխությանը զուգահեռ միակողմանի համակարգից դեպի միջազգային ասպարեզ՝ բազմաբևեռ դերակատարներով: Որպես էական դերակատար` Ինդոնեզիան, հանդիսանում է ASEAN-ի հաջողության պատմության շարժիչը: Որպես երկիր, որը վերջերս ընդունել է G20-ի համաժողովը, ցույց է տալիս բոլորի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու պատրաստակամությունը՝ արտաքին քաղաքականության միջոցով: Կարողանում է արդյունավետ հարաբերություններ հաստատել թե' Չինաստանի և թե' ԱՄՆ-ի հետ:
Կրոնը Ինդոնեզիայում սոցիալական և քաղաքական կյանքի կարևոր մաս է, և իսլամը հիմնված է տեղական և այլ ավանդույթների ճանաչման և ընդունման հիման վրա. հիմնականում համերաշխություն քարոզող է և հիմնված է չափավորության վրա: Հետաքրքիր է, որ Ինդոնեզիան կարճ ժամանակահատվածում կարողացել է օտարել ծայրահեղական հայացքներն այն մակարդակի, որ հասարակական և քաղաքական կյանքում կրոնական անհանդուրժողականությունը որոշիչ դեր չունի։ Ժողովուրդն ընդհանրապես բարյացակամ է, օտարերկրացիների նկատմամբ ևս։ Զարմանալի է, բայց այս տարիների ընթացքում ես ոչ մի խտրականություն չեմ տեսել օտարերկրացիների նկատմամբ։ Այդուհանդերձ, օտարերկրացիների նկատմամբ առկա է զգուշավորություն՝ կապված գաղութացման բացասական հնարավոր երևույթի հետ::
-Գո՞հ եք այդ երկրի կրթական համակարգից: Եթե զուգահեռներ անկացնենք մեր երկրի կրթական համակարգի հետ, ի՞նչ ընդհանրություններ կամ տարբերություններ կարող եք նշել:
-Ինդոնեզիայում կրթական ոլորտը հանդիսանում է այն զարգացման ռազմավարության մի մասը, որով տվյալ երկիրն առաջնորդվում է։ Բազմաթիվ գիտնականներ և ուսանողներ սովորում են միջազգային լավագույն բուհերում և մի քանի տասնամյակ աշխատում են կրթական ոլորտի և երկրի բարելավման ուղղությամբ: Անկախությունից հետո էլ Ինդոնեզիայի կառավարությունը լավագույն բուհերն ավարտած փորձագետներին թույլ տվեց խորհրդակցությունների միջոցով մասնակցել երկրի վերականգնմանը։ Այն ժամանակ դա հայտնի էր որպես Բերքլիի թիմ: Ավելի ուշ նման նախաձեռնությամբ հանդես եկավ նաև Ավստրալիայի ազգային համալսարանի շրջանավարտների թիմը, որի շրջանավարտն եմ նաև ես։ Համալսարանը, որտեղ ես պատրաստվում եմ ստանալ իմ դոկտորական աստիճանը, Ինդոնեզիայի ազգային ռազմավարության մի մասն է և կոչված է ստեղծելու համաշխարհային մակարդակի միջազգային իսլամական համալսարան, որն իր ժամանակակից հայացքով եզակի է և բաց բոլոր կրոնների և ռասաների համար: Գիտնականները լավագույն միջազգային բուհերի շրջանավարտներ են, ունենք նաև այցելու դասախոսներ զարգացած երկրներից և հեղինակավոր համալսարաններից։ Ավելին, մենք համատեղ աստիճաններ ունենք Մեծ Բրիտանիայի ամենահեղինակավոր համալսարանների հետ։
- Ձեր դոկտորական աշխատանքի թեման բավականին բարդ և բազմաշերտ է: Ինչու՞ ընտրեցիք քրիստոնյա փոքրամասնության և մահմեդական մեծամասնության միջև սոցիալական համախմբվածության տեսության թեման, և ինչու՞ որոշեցիք զուգահեռներ տանել Ինդոնեզիայի և Սիրիայի միջև:
- Երբ սիրիական պատերազմի մասին դասախոսություն էի կարդում Կուալա Լումպուրի հեղինակավոր Իսլամական հետազոտությունների միջազգային ինստիտուտում (Մալազիա)` հասկացա, որ քրիստոնյա-մուսուլման խաղաղ գոյակցության նկատմամբ հետաքրքրությունը մեծ էր գիտնականների շրջանում, ուստի կարծում էի, որ արժե այդ թեմայով նոր հետազոտություն սկսել: Ավելին, ճանաչելով Ինդոնեզիան, ես մտադիր եմ պատմական համեմատական վերլուծություն կատարել Սիրիայի և Ինդոնեզիայի միջև, որտեղ սոցիալական համախմբվածության նոր տեսություն կարող է առաջանալ թե՛ Սիրիայում և թե՛ Ինդոնեզիայում քրիստոնեական փոքրամասնությունների և մահմեդական մեծամասնությունների ուսումնասիրության արդյունքում և այս հարցում հատկապես Սիրիայի հայ համայնքը կարող է լինել ուսումնասիրության օբյեկտ:
«Սոցիալական համախմբվածության» տեսությունը քրիստոնյա փոքրամասնության և մահմեդական մեծամասնության միջև Ինդոնեզիայում և Սիրիայում» թեմայով դոկտորականը գրելիս, բացի գիտական աղբյուրներից օգտվելը, հարցազրույցներ եմ անցկացնում Սիրայի և Ինդոնեզիայի կրոնական և քաղաքական համայնքների ղեկավարների, պատմաբանների, բնակիչների, քրիստոնյաների և մահմեդականների համակեցության հարցերն ուսումնասիրած գիտնականների հետ թե՛ Ինդոնեզիայում, թե՛ Սիրիայում:
- Փորձե՞լ եք Ինդոնեզիայում հայկական հետք փնտրել: Արդյոք հայ-ինդոնեզական պատմության նոր էջեր բացահայտե՞լ եք:
- Այդ ոլորտն իսկապես շատ հետաքրքիր է, հատկապես եթե հետազոտող ես: Ես ծանոթ եմ Մալազիայի և Սինգապուրի պատմական հայկական համայնքների մասին հրատարակված ակադեմիական աշխատություններին: Ցավոք, նման աշխատանք դեռ գոյություն չունի, որը վերաբերվի Ինոդնեզիայի հայ համայնքին: Ես մտադիր եմ լրացնել այդ ակադեմիական բացը և աշխատություն գրել այդ մասին: Վերջերս Երևանի պետական համալսարանի պատվիրակությունն այցելել էր Ինդոնեզիայի միջազգային իսլամական համալսարան՝ մասնակցելու հայ և ինդոնեզական ակադեմիական փոխհարաբերություններին նվիրված միջազգային գիտաժողովին, որի ընթացքում զեկույց ներկայացրի Ինդոնեզիայի հայ համայնքի պատմական դերի մասին՝ հղում կատարելով այնպիսի սկզբաղբյուրների, որոնք հայտնի չեին նաև ինդոնեզացի շատ գիտնականների: Ես կարծում եմ, որ ակադեմիական դիվանագիտության ուղղությամբ աշխատելը կարևոր է ոչ միայն գիտնականների, այլ, առհասարակ մարդկանց և երկրների միջև հարաբերությունների զարգացման համար:
- Հայերն Ինդոնեզիայում հաստատվել են դեռևս 17-րդ դարում, հիմնականում վաճառականները: Ի՞նչ մնայուն արժեքներ կան այդ երկրում, որոնք թողել են հայերը:
-Ներկայում Սուրաբայա քաղաքում գոյություն ունի ջուղայահայերի հիմնած հայկական եկեղեցին, որն այսօր պատկանում է Ինդոնեզիայի քրիստոնյաներին: Նույն քաղաքում գործում է նաև հայ գործարար Սարգիսյանների հիմնած հյուրանոցը, որն այժմ Մաջապահիտ է կոչվում:
- Արդյոք Հայաստանը պե՞տք է խորացնի հարաբերությունները Հարավարևելյան Ասիայի երկրների հետ, նման համագործակությունը ի՞նչ կտա մեզ:
- Արագ փոփոխվող աշխարհում՝ չորրորդ արդյունաբերական հեղափոխության ժամանակաշրջանում Հայաստանը պետք է ակտիվորեն համագործակցի բոլորի՝ մասնավորապես ասիական երկրների հետ՝ հաշվի առնելով Ասիայի արագ զարգացումը: Շատ գիտնականներ այսօր համարում են, որ աշխարհը «տեղափոխվում» է Ասիա։ Դա անելու համար նախ պետք է բավականաչափ գիտելիքներ ունենանք Ասիայի քաղաքակրթական դերի, նրա զարգացող մեխանիզմների մասին, և միևնույն ժամանակ ակտիվ համագործակցություն և ներկայություն միջազգային առևտրում ասիական երկրների հետ, ինչպիսին Ինդոնեզիան է։ Ցավոք, մենք հետ ենք մնում, բայց դեռ ուշ չէ առաջ գնալու համար:
- Հայաստանը և Ինդոնզեիան ո՞ր ոլորտներում կարող են համագործակցել, կա՞ն հեռանակարային ուղղություններ, որոնք կարող են երկուստեք գրավիչ լինել:
-Հայաստանը և Ինդոնեզիան քաղաքակրթություն ստեղծած երկրներ են՝ հարուստ պատմությամբ և մշակույթով, և երկուսն էլ գնահատում են իրենց պատմական նվաճումները` ներկայիս ապրելակերպին համադրելով: Այս առումով մշակութային փոխազդեցությունները կարող են էական լինել ոչ միայն միմյանց ճանաչելու, այլև նաև փոխադարձ արժեքներ ստեղծելու համար: Ինչպես նաև, երկու երկրներն էլ ունեն գյուղատնտեսական ապրանքներ, որոնք հայտնի են տարածաշրջանային և համաշխարհային շուկաներում: Այսպիսով, համագործակցությունն ու առևտուրն այդ ուղղությամբ շահավետ կլիներ երկու երկրների համար։ Ավելին, ՏՏ և տեխնոլոգիական ոլորտները վերելք են ապրում երկու երկրներում: Օրինակ, վերջերս Ինդոնեզիան ընդունեց համաշխարհային այնպիսի ընկերությունների առաջնորդներին, ինչպիսիք են Apple-ը և Tesla-ն՝ Ինդոնեզիայում արդյունաբերություններ հիմնելու նպատակով: Հայաստանն օրինակ կարող է ներկայացնել Ինդոնեզիայում ԹՈՒՄՈ-ի նախագիծը՝ դառնալով հայկական տեխնոլոգիական հանգույց՝ արագ զարգացող Ասիայի կենտրոնում: Նաև Հայաստանի և Ինդոնեզիայի համար կարևոր է ամուր համագործակցել սոցիալական և քաղաքական ոլորտներում: Մուսուլմանական մեծամասնություն ունեցող բնակչությամբ երկրի հետ Հայաստանի համագործակցությունը կարող է լավ ցուցիչ լինել այնպիսի երկրների համար, որոնք իրենց քաղաքականությունը կառուցում են անհանդուրժողականության և ատելության վրա:
Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ


































