Հայաստանում կլինի նոր բուժհաստատություն դատապարտյալների համար, որոնք երկարատեւ կամ մշտական բժշկական խնամքի կարիք կունենան, այն կգտնվի «Առողջապահության նախարարության քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության վարույթում։ Դատապարտյալները կտեղավորվեն առանձին մեկուսացված խցերում։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում, Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, հուլիսի 11-ին ասել է արդարադատության փոխնախարար Լեւոն Բալյանը։

Մասնավորապես, Հայաստանի Քրեակատարողական օրենսգրքում կմտցվի թույլատրող նորմ, որը արդարադատության նախարարի հրամանով թույլ կտա ավելի հանգամանալից կարգավորել ռիսկերի եւ դատապարտյալների պահանջմունքների գնահատումը։

Փոխնախարարի խոսքով՝ վերոնշյալ բուժհաստատություն նախատեսվում է տեղափոխել այն դատապարտյալներին, որոնք երկարատեւ բժշկական խնամքի, ինչպես նաեւ սպասարկման եւ հիվանդանոցային պայմաններում խնամքի կարիք ունեն։ Բուժհաստատությունում դատապարտյալը կպահվի հատուկ պայմաններում, որոնք նախատեսում են բարձր վերահսկում։

Բալյանը նշել է, որ դատապարտյալին պահելու պայմանների սպեցիֆիկան կորոշվի քրեակատարողական հաստատության ներքին կարգով։ Համաձայն առաջարկված փոփոխությունների՝ դատապարտյալը կպահվի իր համար նախատեսված մեկուսացված խցում։ «Բուժհաստատությունում կպահվեն այն դատապարտյալները, որոնց առողջությունը չի կարող պահպանվել քրեակատարողական հաստատությունների բուժական բաժանմունքներում»,- նշել է կառավարության ներկայացուցիչը։

Քրեակատարողական ծառայությունը կապահովի պատիժների կատարման կարգն ու պայմանները բուժհաստատությունում, իսկ «Առողջապահության նախարարության քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը՝ բուժօգնությունը եւ դատապարտյլաների սպասարկումը։

Օրինագծի վերաբերյալ իր դիրքորոշումը հնչեցրել է կառավարող «Քաղպայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը։ Նա, մասնավորապես, որոշ մտահոգություններ է հայտնել։ Պատգամավորի համար կարեւոր է, որպեսզի դատապարտյալները նոր հաստատությունը չհամարեն տեղ, որտեղ կարելի է մարել դատարանով սահմանված բանտարկության ժամկետը։ Դավոյանի կարծիքով՝ այս բուժհաստատությունը չպետք է  դառնա հանգստյան տուն բանտարկյալների համար։