Այն իրավիճակը, որ ստեղծվել է վերջին մեկ տարվա ընթացքում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում, պայմանականորեն կարելի է անվանել հարթակների պատերազմ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Գագիկ Քեռյանը:
Նա հիշեցրեց, որ 2020 թվականի պատերազմի ավարտից հետո բանակցությունները հիմնականում ընթանում էին եռակողմ՝ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան ձեւաչափով. «Նույնիսկ մի քանի հանդիպումներ եղան Մոսկվայում, Սոչիում, շեշտադրումն արվում էր, որ միայն այս ձեւաչափում կարող է բանակցային գործընթացն ավարտվել: Բայց ամեն ինչ գլխիվայր շրջվեց 2022-ի փետրվարից, երբ ՌԴ-ն լայնամասշտաբ պատերազմ ծավալեց Ուկրաինայում եւ խրվեց բավականին բարդ քաղաքական ու տնտեսական խնդիրների մեջ: Այս պարագայում ՌԴ ղեկավարության ուշադրությունը մեծամասամբ կենտրոնացած է Ուկրաինայի վրա:
Օգտվելով այս իրավիճակից Արեւմուտքը կարողացավ խլել բանակցությունների նախաձեռնությունը եւ տարավ արեւմտյան հարթակներ:
Մինչեւ այս պահը Արեւմուտքին հաջողվել է կարգավորման գործընթացը պահել իր վերահսկողության տակ, բայց ոչ ամբողջությամբ, որովհետեւ Ալիեւը ռազմավարական համագործակցության մեջ մտնելով ՌԴ-ի հետ եւ կարողանալով օգտվել իրավիճակից «լուծել» Արցախի հարցը, ինչ-որ տեղ ն պարտավորություններ ունի Պուտինի նկատմամբ եւ շատ անգամ ինքը գործում է ոչ թե ինքնուրույն, այլ Մոսկվայի ու Անկարայի թելադրանքով: Դրա ապացույցներից մեկն այն էր, որ Ալիեւը չգնաց Գրանադա, իսկ օրերս Լոնդոնում կողք-կողքի հայտնվելով Փաշինյանի հետ, կես ժամ անգամ չհաջողվեց արեւմտյան լիդերներին նրանց նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ»,-ասաց Քեռյանը:
Նրա խոսքով, այստեղից կարելի է եզրակացնել, որ Արեւմուտքին հաջողվել է Փաշինյանին ամբողջությամբ տանել արեւմտյան ձեւաչափեր, մասամբ նաեւ Ալիեւին, սակայն չենք կարող ասել, որ նրանք հասել են խաղաղության պայմանագրի կնքմանը:





























