Ներկայիս Հայաստանի կառավարման համակարգի ամենաէական ձեռքբերումներից է այն, որ բարձրագույն պաշտոնների են նշանակվում խելացի, բանիմաց, սեփական աշխատասիրությամբ և նվիրվածությամբ հաջողությունների հասած և ծառայության ոգով ներշնչված մարդիկ: Այս մասին facebook-ի իր էջում գրել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով նրան, որ ՊԵԿ նախագահի պաշտոնում նշանակվելու է իր տեղակալ Էդուարդ Հակոբյանը:

«Սա բացի բոլոր դրական կողմերից նաև լավ օրինակ է մեր երիտասարդ սերնդի համար, ով ամեն օր պետք է աշխատի ինքնազարգացման և ինքնակրթության վրա:

Շնորհավորում եմ Էդուարդ Հակոբյանին և մաղթում բարի ծառայություն այս չափազանց պատասխանտու աշխատանքում»,- գրել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր էջում տեղեկացրել էր, որ ՊԵԿ նախագահ կնշանակվի Էդուարդ Հակոբյանը:

Հիշեցնենք, որ Ռուստամ Բադասյանը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում էր գրել նոյեմբերի 18-ին, կառավարության որոշմամբ աշխատանքից ազատվել է նոյեմբերի 19-ին։