Վրաստանում նախագահական ընտրությունները կարող են տեղի ունենալ դեկտեմբերի 14-ին։ Այս մասին հայտնել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Նա առաջարկել է նախագահի ընտրության օրն ու բանաձեւի նախագիծը բյուրոյի նիստի ընթացքում։ Դրանք կներկայացվեն խորհրդարանի նիստին եւ կհաստատվեն առաջիկայում, տեղեկացրել է SOVA-ն։

Պապուաշվիլու խոսքով, եթե դեկտեմբերի 14-ին տեղի ունենան նախագահի ընտրությունները, ապա երդմնակալությունը կարող է տեղի ունենալ դեկտեմբերի 29-ին։

Վրաստանում առաջին անգամ նախագահն ընտրվելու է ոչ ուղիղ ճանապարհով՝ 300 մարդկանց կոլեգիայի միջոցով։

Նախագահը նշել է, թե ինչու է կարեւոր Վրաստանի նախագահի ընտրությունները կազմակերպել մինչեւ 2025թ.։

«Վրաստանի Սահմանադրության 50 հոդվածի համաձայն՝  Վրաստանի նախագահն ընտրվում է 5 տարով։ Վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2018թ.։ Հետո, անցումային դրույթների համապատասխան, նախագահն ընտրվել է 6 տարով, որպեսզի խորհրդարանական ընտրությունների արդյունքում (որոնք արդեն կայացել են) ձեւավորված ընտրողների կոլեգիան ընտրի հաջորդ նախագահին։  Հետեւաբար, այս ընտրությունները կայացել են, դեկտեմբերի 16-ին լրանում է գործող նախագահի լիազորությունների 6-ամյա ժամկետը։

Սահմանադրության համաձայն, երբ խորհրդարանական ընտրությունները համընկնում են նախագահականի հետ, այդ դեպքում նախագահական ընտրությունները պետք է անցկացվեն առավելագույնը 45 օր հետո։

Բացի այդ, 5 տարով նախագահ ընտրելու համար կարեւոր է, որպեսզի այս տարի տեղի ունենան ինչպես ընտրությունները, այնպես էլ երդմնակալությունը։ Հակառակ դեպքում, Սահմանադրության նորմը 5-ամյա ժամկետի մասին չի կատարվի, եւ փաստացի մենք կունենանք 6 տարով ընտրված նախագահ։

Ուստի ես առաջարկ եմ ներկայացնում նախագահի ընտրության օրվա մասին, եւ մենք այն կներառենք օրակարգում եւ կհաստատենք նիստի շրջանակում, որ նախագահի հաջորդ ընտրությունները կայանալու են 2024թ. դեկտեմբերի 14-ին։ Երդմնակալությունը տեղի կունենա երրորդ կիրակի օրը՝ 2024թ. դեկտեմբերի 29-ին»,- ասել է Շալվա Պապուաշվիլին։

Նշենք, որ Վրաստանի վերջին նախագահը, որն ընտրվել է ուղիղ քվեարկությամբ (Վրաստանի ժողովրդի կողմից ընտրատեղամասերում- խմբ.), Սալոմե Զուրաբիշվիլին է։ Նրա լիազորություններն այս պաշտոնում ավարտվում են 2024թ. դեկտեմբերին։

Վրաստանի հաջորդ նախագահի համար քվեարկելու է 300 ընտրողների կոլեգիան. Վրաստանի խորհրդարանի եւ Աբխազիայի եւ Աջարիայի Ինքնավար Հանրապետությունների բարձրագույն ներկայացուցչական մարմինների բոլոր անդամները.

150 – Վրաստանի խորհրդարանի անդամներ,

20 – Աբխազիայի Գերագույն խորհրդի անդամներ,

21 – Աջարիայի Գերագույն խորհրդի անդամներ,

109 պատգամավոր ինքնակառավարման տեղական մարմիններից։

Ընտրական կոլեգիայի մյուս անդամներին տեղական ինքնակառավարման մարմինների կազմից առաջադրում են համապատասան քաղաքական կուսակցությունները քվոտաների համաձայն, որոնք սահմանում է Վրաստանի ԿԸՀ-ն օրգանական օրենքի հիման վրա։ Քվոտաները սահմանվում են համամասնական աշխարհագրական ներկայացուցչության սկզբունքի եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտությունների արդյուքների համաձայն, որոնք անցկացվել են համամասնական կարգով։

Վրաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան Խորհրդարանի պալատում։ Թեկնածու առաջադրելու իրավունք ունեն Ընտրական կոլեգիայի ոչ պակաս, քան 30 անդամներ։ Ընտրություների առաջին փուլում ընտրված է համարվում այն թեկնածուն, որը կհավաքի Ընտրական կոլեգիայի լրիվ կազմի ձայների ոչ պակաս, քան երկու երրորդը։ Եթե Վրաստանի նախագահ չհաջողվի ընտրել առաջին փուլով, երկրորդ փուլը կանցկացվի առաջին փուլի լավագույն արդյունքներ ունեցող երկու թեկնածուների միջեւ։ Երկրորդ փուլում ընտրված կհամարվի այն թեկնածուն, որը կհավաքի ձայների ամենամեծ թվաքանակը։