Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը երկուշաբթի օրը մեկնում են Էր Ռիադ՝ ՌԴ պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի հանձնարարականով։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցել է «ՌԻԱ Նովոստին»։
Փետրվարի 15-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել, որում, մասնավորապես, հաստատել են փոխադարձ հարգալից երկխոսությունը վերականգնելու համար աշխատելու պատրաստակամությունը եւ պայմանավորվել կանոնավոր շփումների, այդ թվում՝ Պուտինի եւ Թրամփի հանդիպման նախապատրաստման մասին։
«Այսօր նախագահ Պուտինի հանձնարարությամբ ԱԳ նախարար Լավրովը եւ նախագահի օգնական Յուրի Ուշակովը թռչում են Էր Ռիադ»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ երեքշաբթի Էր Ռիադում նրանք կհանդիպեն ամերիկացի գործընկերների հետ։ Հանդիպումը նվիրված է լինելու առաջին հերթին ռուս-ամերիկյան հարաբերությունների ողջ համալիրի վերականգնմանը։
«Այն նվիրված կլինի նաեւ ուկրաինական կարգավորման հնարավոր բանակցությունների նախապատրաստմանը եւ երկու նախագահների հանդիպման կազմակերպմանը», - ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։





























