ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ Էր Ռիադում կայացած բանակցություններում կարճ ընդմիջում է հայտարարվել, կողմերը շուտով կվերսկսեն զրույցը, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Տառացիորեն այս րոպեներին կարճ ընդմիջում է հայտարարվել, որից հետո կողմերը կշարունակեն բանակցային գործընթացը»,- ճեպազրույցի ժամանակ ասել է նա։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ավելացրել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը միջոցառումից հետո կզրուցի մամուլի հետ։

Երեքշաբթի Էր Ռիադում մեկնարկել են ռուս-ամերիկյան բարձր մակարդակի բանակցությունները։ Ռուսաստանը բանակցությունների սեղանի շուրջ ներկայացնում են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Ամերիկացի բանակցողներն են՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Մայք Ուոլթցը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ Մերձավոր Արեւելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։ Սեղանի գլխին Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչներն են։ Ինչպես նշել է Ուշակովը, բանակցություններում խնդիր է դրված պայմանավորվել, թե ինչպես սկսել բանակցություններն Ուկրաինայի հարցով։