Վերջին մի քանի ամիսների ընթացքում Հայաստանի եվրաինտեգրման թեման եղել է կովկասյան տարածաշրջանի քաղաքական հեռանկարների քննարկման առանցքային հարցերից մեկը։ Փետրվարի 11-ին հանրապետության Ազգային ժողովը սկսեց քննարկել Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու մասին օրինագիծը։ Պաշտոնատար անձինք փորձում էին առանձնապես փութաջանություն չցուցաբերել լավատեսության առումով՝ ավելի շուտ ընդգծվում էր փիլիսոփայական հայտնի սկզբունքը՝ «շարժումն ամեն ինչ է, վերջնական նպատակը՝ ոչինչ»։ Ընդդիմությունը, ընդհակառակը, փորձեց համոզել համաքաղաքացիներին, որ Փաշինյանի նախաձեռնությունները ոչ այլ ինչ են, քան բլեֆ, ընդ որում՝ վտանգավոր բլեֆ։ Դրա մասին սոցցանցերում գրել է ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։
«Սակայն առաջին ընթերցմամբ օրինագիծը, չնայած խորհրդարանի երկու ընդդիմադիր խմբակցությունների առարկություններին, ընդունվեց: Հայաստանի Ազգային ժողովում գերիշխում է իշխանամետ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Թվում է, թե նախագծի ճակատագիրը կանխորոշված է։ Սակայն մարտի 3-ին երկրորդ ընթերցմամբ դրա քննարկումը հետաձգվեց։ Նախագծի հեղինակները եվրաինտեգրման խորհրդարանական համապատասխան հանձնաժողովում հետաձգումը հիմնավորել են այսպես. անհրաժեշտ է ևս մեկ անգամ համաձայնեցնել բոլոր ձևակերպումները։ «Եվրոպական թեմայով» հիմնական զեկուցող Արտակ Զեյնալյանն շեշտը դրեց նրա վրա, թե խնդիրը զուտ տեխնիկական է: Որևէ քաղաքականություն, առավել ևս աշխարհաքաղաքականություն փնտրելու կարիք չկա։ Բայց որքան նա պնդում էր այդ վարկածը, այնքան ավելի էր թվում, որ հրահրում էր այլընտրանքային տեսությունների կողմնակիցներին։ Ընդսմին, դրանք դավադրության տեսությունից էլ զուրկ չեն:
Բուն նախագծի քննադատները և ընդհանրապես Հայաստանի կառավարության ընդդիմախոսները քվեարկության հետաձգումը կապում են միջազգային մրրկայնության հետ։ Միացյալ Նահագների նոր վարչակազմը կտրուկ փոխում է իր մոտեցումն Ուկրաինայի նկատմամբ (գոնե հռետորական մակարդակում), իսկ «տրանսատլանտյան համերաշխությունը» սթրես-թեստ է անցնում: Եվ պարտադիր չէ, որ «կոլեկտիվ Արևմուտքը» նույնքան կոլեկտիվ մնա։ Արդյունքում, եզրակացությունը վերաբերում է Երևանի առաջնահերթությունների նոր վերակենտրոնացմանը՝ հօգուտ Մոսկվայի։
Չեմ թաքցնի, որ հուզական առումով վերոնշյալ տեսությունը գեղեցիկ, նույնիսկ գրավիչ է հնչում: Սակայն հայկական ազգաշինության, արտաքին քաղաքականության դիրքորոշման և Մոսկվայի ու Երևանի հարաբերությունների համակարգային խնդիրները վերլուծելու համար միայն հույզերը բավարար չեն: Որքանով որ բավարար չեն «եվրոպական պոռթկումների» համար՝ առանց Բրյուսելի կողմից տրված երաշխիքների։ Այս ամբողջ պատմության կարևոր դասն այն է, որ որոշումների ընդունման ռացիոնալությունը Կովկասում ոչ մեկին չէր վնասի»,- նշել է Սերգեյ Մարկեդոնովը:





























