Բալթյան երկրների պաշտպանության նախարարները նախազգուշացրել են, որ Ուկրաինայում հրադադարը զգալիորեն կմեծացնի իրենց տարածաշրջանի անվտանգության սպառնալիքը, գրում է Financial Times-ը։

Ըստ ԶԼՄ-ի, Էստոնիան, Լատվիան և Լիտվան մտահոգված են, որ Մոսկվան կանգ չի առնի Ուկրաինայում, երբ Թրամփի վարչակազմը ստորագրի հրադադարի մասին համաձայնագիրը։ Մերձբալթյան երկրները նշում են, որ Կրեմլն արդեն նախանշել է ռազմական արտադրությունն ավելացնելու և իրենց սահմանների երկայնքով լրացուցիչ զորքեր տեղակայելու ծրագրերը։

«Մենք բոլորս հասկանում ենք, որ երբ պատերազմն Ուկրաինայում ավարտվի, Ռուսաստանը շատ արագ կվերաբաշխի իր ուժերը: Դա նաև նշանակում է, որ սպառնալիքի մակարդակը զգալիորեն կբարձրանա»,- FT-ին է ասել  Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննո Պևկուրը: 

Իր հերթին, նրա լիտվացի գործընկեր Դովիլե Շակալենեն նման հայտարարություններ է արել Միացյալ Թագավորությունում այս շաբաթվա սկզբին: 

«Եկեք ինքներս մեզ չխաբենք, թե Ռուսաստանը պատրաստվում է վերջացնել Ուկրաինայի հետ։ Ռուսաստանը հրադադարից հետո այդ ժամանակն օգտագործում է իր ռազմական ներուժը մեծացնելու համար։ Նրանք արդեն ունեն հսկայական, մարտունակ, ​​պատրաստված բանակ, որը պատրաստվում է ավելի մեծանալ», - ասել է նա։

Ռազմական գործողությունների դադարեցումը Ռուսաստանին հնարավորություն կտա կառուցել 1,5 միլիոնանոց բանակ և բոլորովին նոր բանակային կորպուս ստեղծել հյուսիսում՝ կրկնապատկելով Ֆինլանդիայի և Բալթյան երկրների մոտ իր զորքերի թիվը, կարծում են նրանք։

Պևկուրը նշել է, որ ներկայումս Ուկրաինայում գտնվող 600 000 ռուսաստանցի զինծառայողներից 300 000-ը, հավանաբար, կվերատեղակայվեն։ Բալթյան երկրները հատկապես մտահոգված են «Զապադ» զանգվածային զորավարժություններով, որոնք կանցկացվեն աշնանը Ռուսաստանում և Բելառուսում իրենց սահմանների մոտակայքում: Յուրաքանչյուր  չորս տարին մեկ  անցկացվող այս զորավարժությունները ՆԱՏՕ-ի երկրների հետ հակամարտության իմիտացիա են ներկայացնում, դրան մասնակցում են տասնյակ հազարավոր զինծառայողներ, տանկեր ավիացիա և հրետանի։

Պևկուրը և Շակալենեն զգուշացրել են նաև իրենց երկրներից ՆԱՏՕ-ի զորքերի վերատեղակայման մասին, այսպես կոչված, եվրոպական «անվտանգության ուժեր» ստեղծելու համար, որոնք պետք է ուղարկվեն Ուկրաինա՝ Ռուսաստանի հետագա ագրեսիան զսպելու նպատակով։

 ՆԱՏՕ-ի արևելյան թևի երկրները, ներառյալ Լեհաստանը և Ռումինիան, հայտարարել են, որ չեն կարող սեփական անվտանգության հաշվին Ուկրաինայում զորքեր տեղակայելու պարտավորություն ստանձնել: Էստոնիան նույնպես դեմ է արտահայտվել բրիտանական զորքերը Ուկրաինայում վերատեղակայելու Միացյալ Թագավորության ծրագրերին, որոնք ի սկզբանե նախատեսված էին Բալթյան երկրների պաշտպանության համար: