Օտարերկրացիներին կամ քաղաքացիություն չունեցող անձանց միջազգային պաշտպանություն տրամադրելու, անօրինական միգրացիայի դեմ պայքարի և ապաստանի ընթացակարգի չարաշահման կանխարգելմանն առնչվող կանոնակարգը բարելավելու նպատակով Վրաստանի ՆԳՆ-ն պատրաստել է «Միջազգային պաշտպանության մասին» օրենսդրական փոփոխությունների փաթեթ, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։
Օրենսդրական փաթեթը ներկայացվել է խորհրդարանի քննարկմանը։
«Օրենսդրական փոփոխությունների նշված փաթեթը պատրաստվել է Եվրախորհրդարանի և Եվրոպայի խորհրդի հրահանգներին համապատասխան։
Փոփոխությունների համաձայն՝ Քրեական օրենսգրքում նոր պատիժ է մտցվում՝ օտարերկրացու արտաքսում Վրաստանից և որոշակի ժամկետով երկիր մուտքի արգելք։
Վարչական իրավախախտումների օրենսգրքում ներդրվում է նաև նոր վարչական միջոց՝ օտարերկրացու արտաքսում Վրաստանից և երկիր մուտքի արգելք։
Վրաստանում գտնվելու կանոնները խախտող օտարերկրացիների տուգանքները մեծացվում են, իսկ երկրում անօրինական կերպով գտնվող օտարերկրացիների արտաքսման կարգը զգալիորեն պարզեցվում է։
Ապաստանի ընթացակարգի չարաշահումը կանխելու համար. ներդրվում է ապաստան ստանալու դիմումների քննարկման արագացված ընթացակարգ այն օտարերկրացիների համար, ովքեր դա չեն դիմել երկիր մուտք գործելուց հետո մեկ ամսվա ընթացքում. Ներդրվում է նոր մեխանիզմ, ըստ որի ապաստանի դիմումը կքննարկվի անմիջապես պետական սահմանին՝ առանց օտարերկրացուն Վրաստանի տարածք թույլ տալու, եթե նրա մուտքը վտանգ է ներկայացնում պետական անվտանգության համար. զգալիորեն կրճատվել են ապաստանի գործերի վերաբերյալ որոշումների վերանայման և բողոքարկման ժամկետները. ներդրվում է որոշումների կայացման պարզեցված (էլեկտրոնային) ընթացակարգ, ինչը զգալիորեն կօգնի վերահսկել բողոքարկման ժամկետները. Կսահմանափակվի Վրաստանում կացության թույլտվության տրամադրումը այն օտարերկրացիների համար, որոնց համար արտաքսման հարց է հարուցվել կամ արդեն համապատասխան որոշում է կայացվել»,- ասված է Վրաստանի ՆԳՆ հաղորդագրության մեջ։




























