Գենի այն տարբերակը, որն օգնում է մարդկանց պաշտպանել ՄԻԱՎ վարակից, ամենայն հավանականությամբ, առաջացել է քարե դարից մինչև վիկինգների դարաշրջանը ապրած մարդկանց օրգանզիմում, դա ցույց է տվել հազարավոր գենոմների նոր հետազոտությունը։
«Պարզվում է, որ այս տարբերակն առաջացել է Սև ծովի տարածաշրջանում 6700-9000 տարի առաջ ապրած մի մարդու օրգանիզմում, - պատմում է Կոպենհագենի համալսարանի կենսաինֆորմատիկայի փորձագետ, հետազոտության հեղինակ Սայմոն Ռասմուսենը։ -Այս տարբերակը անցյալում պետք է որ օգտակար լիներ ինչ-որ այլ բանի համար, քանի որ ՄԻԱՎ-ը մարդկանց օրգանիզմում հայտնվել է գրեթե մեկ դար առաջ»։
«Cell» հանդեսում հրապարակված հետազոտության մեջ Ռասմուսենը և նրա գործընկերները հանգամանորեն ներկայացրել են CCR5 delta 32 անունով հայտնի գենետիկ մուտացիայի ծագման որոնումները: CCR5-ը հիմնականում իմունային բջիջների վրա հանդիպող սպիտակուց է, և ՄԻԱՎ-ի շատ, բայց ոչ բոլոր շտամներն օգտագործում են այդ բջիջներ ներթափանցելու և վարակը սկսելու համար:
Սակայն CCR5 delta 32 մուտացիայի երկու պատճեն ունեցող մարդկանց օրգանզիմում սպիտակուցն անջատվում է, ըստ էության «արգելափակելով» ՄԻԱՎ վիրուսը։ Գիտնականներն այս մուտացիան օգտագործել են մի քանի մարդկանց ՄԻԱՎ-ից բուժելու համար։
Գիտնականների թիմի գենետիկական վերլուծությունը ցույց է տվել, որ մուտացիան առաջինը կրող անձը ապրել է Սև ծովի մերձակայքում մ.թ.ա. մոտ 7000 թվականին, մոտավորապես այն ժամանակ, երբ վաղ շրջանի ագարակատերերը Արևմտյան Ասիայից ժամանել են Եվրոպա։ Հետազոտողները պարզել են նաև, որ մուտացիայի տարածվածությունը կտրուկ աճել է 8000-ից մինչև 2000 տարի առաջվա սահմաններում, ինչը ենթադրում է, որ այն չափազանց օգտակար է եղել, քանի որ մարդիկ զանգվածաբար տեղափոխվել են Եվրասիական տափաստաններից։
Նոր հետազոտության արդյունքները հակասում են նախկինում արված այն ենթադրություններին, թե մուտացիան բոլորովին վերջերս է առաջացել։ Օրինակ, դա նշանակում է, որ մուտացիայի մակարդակի աճը միջնադարյան ժանտախտի կամ վիկինգների նվաճումների հետևանք չէր, որոնք կարող էին ճնշում գործադրել մարդու իմունային բջիջների զարգացման վրա։
Երբ ՄԻԱՎ-ը չի ոչնչացնում CCR5 սպիտակուցը, այն օգնում է վերահսկել, թե ինչպես են իմունային բջիջներն արձագանքում քեմոկիններ կոչվող ազդանշաններին և, ըստամենայնի, ուղղորդում բջիջները դեպի մարմնի բորբոքման վայրեր։



























