ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները գլխով հավանություն են տալիս «քաղաքական կամքի բացակայությանը», իսկ իրենք սառեցնում են Ղարաբաղի հակամարտությունը: NEWS.am-ի թղթակցին նման տեսակետ է հայտնել ադրբեջանցի հայտնի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն:

Ըստ նրա` հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ հայ-ադրբեջանական բանակցությունների վիճակը դրական առաջխաղացումների հույս չի ներշնչում: «Նախեւառաջ, ես չեմ տեսնում լ քաղաքական ուժեղ խաղացողների, ովքեր լրջորեն շահագրգռված լինեն բանակցությունների առաջընթացով», - ընդգծել է Զ. Ալիզադեն: ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից  յուրաքանչյուրն իր օգուտն է ստանում հակամարտության շարունակումից, հավելել է նա:
«Ինչքան ավելի է ձգձգվում հակամարտությունը, այնքան ավելի բնական ու հիմնավորված է դառնում Հարավային Կովկասում ԱՄՆ դիրքերի ամրապնդումը: Ֆրանսիական քաղաքական վերնախավը առանց դիտավորությունները թաքցնելու ամեն ձեւով շահարկում է հայկական հարցը` իր ներքաղաքական պահանջների համար: ՌԴ-ն եւս, ինչու չէ, աստիճանաբար կորցնում է տարածաշրջանի վերահսկողությունը, պետության ընդհանուր հետընթացով պայմանավորված: Այն «կառավարելի հակամարտության միջոցներով տարածաշրջանի կառավարումը» իր արսենալում ընդունելուց զատ ավելի արդյունավետ բան չի արել: Այդ պատճառով, այս երեք համանախագահները պետք է արտաքնապես գլխով հավանություն տան երկու հակամարտող պետությունների «քաղաքական կամքի բացակայությանը», իսկ իրենք գործնականում  հակամարտությունը սառեցնելու քաղաքականություն վարեն: Ստատուս քվոյի պահպանման հարցում ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների միջեւ առկա է համաձայնություն», - նշել է Զ. Ալիզադեն:

«Հայաստանը հասել է իր ցանկացածի եւ իրեն թույլատրելիի առավելագույնին` տարածքի գրավմանն ու պահպանմանը: Երկրի առաջնորդների համար ցանկացած ինքնուրույն եւ Մոսկվայի պետերի հետ չհամաձայնեցված քայլը հղի է մահացու ռիսկերով, ինչը նախկինում քանիցս պատահել է:  Այնպես որ, հայկական ներքին քաղաքականությունը գոյություն ունի եւ գոյություն կունենա միայն Մոսկվայում գծված «ղարաբաղյան»  սահմաններում: Ինչպես ասվում է, «մեկ քայլ ձախ, մեկ քայլ աջ` գնդակահարություն»: Փոխաբերական, երբեմն էլ բուն իմաստով:

Ադրբեջանական իշխանությունները ջանասիրաբար մեկ բանով են զբաղված` հանրային հսկայական միջոցներ գռփելով: Միլիարդների հափշտակումը մեր իշխանությունների գլխավոր խնդիրն է:  Մնացած բոլոր քայլերը հիմնական գործողությունը քողարկելու նպատակով են արվում: Այդ թվում` «հարցի լուծումը միայն տարածքային ամբողջականության պահպանման պայմանով» եւ «եթե հարկ լինի մենք կօգտվենք մեր օրինական իրավունքից մեր օկուպացված տարածքները հետ նվաճելու համար»  եւ այլ  հռետորաբանությունները: Ժամանակը գնում է, փողերը գալիս եւ հափշտակվում են, ժողովրդին հեքիաթ են պատմում հարցի լուծման ուղղությամբ գործադրվող տիտանական ջանքերի մասին: Այստեղ ամենակարեւորը ժամանակի եւ փողի միասնությունն է, այլ կերպ ասած` ժամանակը փող է: Այդ կոնստրուկցիայում ներառված չէ  «հակամարտության կարգավորումը»,- նշել է քաղաքագետը:

«Միգուցե ես ինչ-որ բան չգիտեմ, միգուցե ինչ-որ տեղ ինձ անհայտ վերին ճշմարտություններ կան... Բայց ես մեկ դառը եւ ստորացուցիչ իրականություն եմ տեսնում. խաբեբաները հայ եւ ադրբեջանցի «ֆրաերներ» են բռնել եւ ճանկռում են: Եվ դա շարունակելու են անել այնքան ժամանակ, քանի դեռ ժողովուրդները չեն հասկացել` որտեղ է շահը իրական, որտեղ` թվացյալ: Իսկ ժողովրդին պետք է օգնի մտավորակամությունը: Իսկ որտե՞ղ է այն: Ա-ու-ու...
Այնպես որ Սոչիի հանդիպումից ես ոչինչ չեմ ակնկալում: Իսկ միգուցե Սերժ Ազատիչը մեկ տարում սովորե՞լ է դահուկներով սահել: Թե չէ մեր պաշտոնական մամուլը նախորդ հանդիպումից հետո հիացած նկարագրում էր, թե ինչպես էր Իլհամ Հեյդարովիչը սահում, իսկ նրա հայ գործընկերը դիտում... Միգուցե խոհարարական մենյո՞ւն այլ կլինի: Հենց նման դարակազմիկ բաներ կարելի է ակնկալել հերթական հանդիպումից», - ամփոփել է Զ. Ալիզադեն: