Որեւէ զինադադարի մասին այսօր Գազայում մենք չենք կարող խոսել՝ հաշվի առնելով, որ այս լայնածավալ օպերացիան, որը Իսրայելը իրականացնում է, մշակվել էր ամիսների ընթացքում, եւ իր հեռանկարը կարճաժամկետ չէ, այլ երկարաժամկետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Իսրայելի հարցերով փորձագետ, «Ապրի Արմենիա» վերլուծական կենտրոնի փորձագետ Սերգեյ Մելքոնյանը։
«Կատարին հասցված այս հարվածը, որը տեղի ունեցավ ՀԱՄԱՍ-ի դեմ, ուղղված էր փաստացի բանակցությունները տապալելուն։ Դա էր նպատակը, որովհետեւ բազմիցս արդեն մենք ականատես ենք եղել, թե ինչպես Բենյամին Նեթանյահուն, որպեսզի պահի իր իշխանությունը, փաստացի տապալում է բանակցային գործընթացը», -ասաց փորձագետը։
Նա շեշտեց, որ Կատարում Իսրայելը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի ոչ թե ռազմական ճյուղի, այլ քաղաքական ճյուղի ներկայացուցիչներին թիրախավորելով, որը պատասխանատու էր հենց բանակցային գործընթացի համար։ Այնտեղ նստած էր հենց բանակցային խումբը։
«Եւ եթե դու թիրախավորում ես բանակցային խմբին, նշանակում է՝ դու շահագրգռված չես շարունակել այդ բանակցային գործընթացը։ Միեւնույն ժամանակ հենց այդ խումբը, ինչպես նույնիսկ Իսրայելում արդեն հաստատեցին, հավաքվել էր Դոհայում, որպեսզի քննարկեր Միացյալ Նահանգների զինադադարի նոր առաջարկը, որին ՀԱՄԱՍ-ը նախապես, ըստ տարբեր քննարկումների, փաստացի պատրաստ էր», -շեշտեց Սերգեյ Մելքոնյանը։
Փորձագետի կարծիքով՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն դիմեց այդ քայլին, որպեսզի որեւէ զինադադար Գազայում չլինի, եւ նույնիսկ առավել ազատություն ստանալու նպատակով։
Ինչպես նշեց Սերգեյ Մելքոնյանը, լավագույն տարբերակը Իսրայելում գործող իշխանության համար դա Գազան ընդհանուր գրավելն է, վերադարձնել մինչեւ 2005թ․ գործող ստատուս-քվոն եւ արդեն սկսել բանակցել Միացյալ Նահանգների հետ կամ այլ գործընկերների հետ, թե ինչպես կառավարել այս տարածաշրջանը, որպեսզի հիմնականում կարողանան ազատվել Գազայի բնակչությունից։
«Որովհետեւ եթե Իսրայելը գրավում է ընդհանուր տարածքը, իրենք շահագրգռված չեն լինի տալ ինչ-որ միջազգային մանդատ արաբական երկրներին կամ ինչ-որ այլ կազմակերպության, որը փաստացի կհաստատի այնտեղ ինչ-որ իշխանություն», - ասաց փորձագետը՝ հավելելով, որ Իսրայելի համար լավագույն տարբերակն է գրավել Գազան, այդ ընթացքում վերադարձնելով գերիներին, քանի որ հասարակության ճնշումը երկրում աճում է։





























