Հայաստանում նկատվում են ենթակառուցվածքային հսկայական փոփոխություններ, մասնավորապես՝ իրականացվում է «Հյուսիս-հարավ» նախագիծը, որը կարող է դառնալ նաև Արևելք-Արևմուտք ճանապարհ։ Այս մասին նոյեմբերի 25-ին «Հայաստան-Չինաստան ռազմավարական գործընկերության զարգացման ենթատեքստերն ու հեռանկարները» թեմայով միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։
«Որքանով ինձ է հայտնի, Չինաստանը շահագրգռված է այս ենթակառուցվածքի օգտագործմամբ, քանի որ սա երկիրը Եվրոպայի հետ կապելու հնարավորություններից մեկն է»,- նշել է նա։
Հովհաննիսյանը հիշեցրել է, որ հայ-չինական հարաբերությունները պատմական խորը արմատներ ունեն։ Նա հավելել է, որ պատմականորեն երկու ժողովուրդների միջև ձևավորվել են շատ լավ հարաբերություններ՝ սկսած Մետաքսի ճանապարհի ժամանակաշրջանից։ «Հիմա Մետաքսի ճանապարհը փոխարինվում է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությամբ, և մենք պետք է շարունակենք այդ հարաբերությունները»,- նշել է ԵՊՀ ռեկտորը։
Նրա համոզմամբ, Հայաստանը լիովին տեղավորվում է չինական լայնածավալ նախաձեռնության մեջ, ինչի ապացույցն է համագործակցությունը նաև գիտական ոլորտում։ «Մեր շատ գործընկերներ, ներառյալ դասախոսներն ու ուսանողները, այցելում են Չինաստան, տեսնում, թե ինչպես է զարգանում այդ երկիրը, և թե ինչպես մենք կարող ենք ապագայում ավելի արդյունավետ համագործակցային հարաբերություններ կառուցել երկու երկրների միջև։ Մենք կցանկանայինք նշել նաև Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետին կից Չինական կենտրոնի դերը, որտեղ դասավանդվում է չինարեն»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ դա մի վայր է, որտեղ ուսանողները կարող են խորացնել իրենց գիտելիքները և ավելի լավ հասկանալ Չինաստանը, չինական քաղաքականությունը և, ավելի լայն համատեքստում, աշխարհաքաղաքականությունը։