Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ Երրորդը պատրաստակամություն է հայտնել օգնել իրավապահ մարմիններին իր եղբոր՝ արքայազն Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորի և սեռական հանցագործությունների մեջ մեղադրվող ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի միջև հնարավոր կապերի հետաքննության գործում։ Բուքինգհեմյան պալատը հայտարարություն է տարածել այդ կապակցությամբ։

Հայտարարության մեջ ընդգծվում է միապետի խոր մտահոգությունը Էնդրյուի դեմ շարունակվող մեղադրանքների առնչությամբ։ Արքունիքում նշել են, որ Մաունթբաթեն-Վինձորից է կախված պատասխանել կոնկրետ մեղադրանքներին, սակայն թագավորական ընտանիքը պատրաստ է համագործակցել Թեմզայի հովտի ոստիկանության հետ, եթե պաշտոնապես հարցում արվի։ Ընդգծվում է նաև, որ թագավորը և թագուհի Կամիլան համերաշխություն են հայտնում բոլոր տեսակի բռնության զոհերի հետ։

Ավելի վաղ Թեմզայի հովտի ոստիկանությունը հայտարարել էր, որ հետաքննություն է սկսել այն մեղադրանքների վերաբերյալ, որ արքայազն Էնդրյուն կարող է գաղտնի տեղեկություններ փոխանցել Էփշտեյնին՝ Մեծ Բրիտանիայի միջազգային առևտրի և ներդրումների հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում ծառայելիս։ Sky News հեռուստաալիքի տվյալներով՝ ԱՄՆ Արդարադատության նախարարության հրապարակած փաստաթղթերը ապացույցներ են պարունակում, որ 2010 թվականին Էնդրյուն Էփշտեյնին Վիետնամ, Սինգապուր և Չինաստան կատարած իր ուղևորությունների, ինչպես նաև Աֆղանստանում ներդրումների վերաբերյալ տեղեկություն է տրամադրել։

Արքայազն Էնդրյուի շուրջ սկանդալը բռնկվեց 2019 թվականին՝ Վիրջինիա Ջուֆրեի կողմից անչափահաս տարիքում սեռական շահագործման ենթարկվելու մեղադրանքներից հետո։ Արդյունքում, Էնդրյուն հեռացվեց իր պաշտոնական թագավորական պարտականություններից, ավելի ուշ զրկվեց պատվավոր տիտղոսներից և կոչումներից, և դատարանից դուրս կարգավորվեց քաղաքացիական հայցը՝ վճարելով փոխհատուցում։

Ջեֆրի Էփշտեյնը ձերբակալվել է ԱՄՆ-ում 2019 թվականին՝ անչափահասների սեռական շահագործման մեղադրանքով, սակայն բանտում նրա մահից հետո քրեական գործը կարճվել է։