ԱՄՆ դատարանը հինգ ԱՄՆ քաղաքացիների դատապարտել է գրեթե 120 տարվա ազատազրկման՝ անչափահասների սեռական շահագործման կազմակերպման համար, նշվել է ԱՄՆ արդարադատության նախարարության հայտարարության մեջ։
Արդարադատության նախարարության տվյալներով՝ խումբը հանցավոր կազմակերպությունը ձեւավորել է 2021թ․։ Կազմակերպիչները նույնականացվել են որպես 50-ամյա Թրեմեյն Լամբերտ եւ նրա որդի Քիմանի Ջոնս։ Իրենց հանցակիցների հետ միասին նրանք ԱՄՆ անչափահաս եւ չափահաս քաղաքացիներին ներգրավել են մարմնավաճառության մեջ՝ նրանց կամքին հակառակ։ Հանցագործները նաեւ անօրինական կերպով տարածել են թմրանյութեր եւ զենք։
Ջոնսը դատապարտվել է 54 տարվա ազատազրկման, իսկ նրա հայրը՝ 30։ Երկուսին էլ պարտավորեցվել է զոհերին վճարել 1.5 միլիոն դոլար փոխհատուցում։ Երեք այլ մեղադրյալներ դատապարտվել են 20, 16 եւ 3 տարվա ազատազրկման։




























