Կոլումբիայում վթարի է ենթարկվել զինվորներ տեղափոխող ռազմական տրանսպորտային ինքնաթիռ։ Վերջին պաշտոնական տվյալներով՝ առնվազն ութ մարդ զոհվել է, տասնյակները վիրավորվել, հաղորդում է BBC-ն։
Իշխանությունները պարզաբանել են, որ ինքնաթիռը վթարի է ենթարկվել օդանավակայանից մոտավորապես մեկուկես կիլոմետր հեռավորության վրա, հայտնել են նաև, որ խցիկում բռնկված հրդեհի պատճառով զինամթերքը պայթել է։
Նրանք նշել են, որ չկան որևէ նշան, որ ինքնաթիռը խփել է տարածաշրջանում գործող ապստամբական խմբավորումներից որևէ մեկը։
Ըստ Կոլումբիական բանակի մամուլի կցորդի՝ Hercules C-130-ը վթարի է ենթարկվել Կոլումբիա-Պերու սահմանին տեղակայված Պուերտո Լեգուիզամոյի բազայից թռիչքից կարճ ժամանակ անց։ Ըստ Կոլումբիայի ռազմաօդային ուժերի հրամանատար Կառլոս Ֆերնանդո Սիլվա Ռուեդայի՝ ինքնաթիռում եղել է 114 ուղևոր և անձնակազմի 11 անդամ։
Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել է, որ 77 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, իսկ 43-ը դեռևս անհայտ կորած են համարվում։




























