2025 թվականին Բելառուսում ամենախոշոր կաշառքի չափը կազմել է 360 հազար դոլար, իսկ ամենափոքրը՝ 3 դոլար։ Այս մասին լրագրողներին հայտնել է Բելառուսի ՆԳՆ կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչության ներկայացուցիչ Դենիս Գորլուկովիչը։
«Անցյալ տարի ամենախոշոր կաշառքը ստացվել է կրիպտոարժույթով՝ 360 հազար դոլարին համարժեք գումարի չափով»,- ասել է Գորլուկովիչը։ Կոռուպցիոները խոշոր վերամշակող ձեռնարկության աշխատակից է եղել։
«Մեղք կլինի չնշել ամենափոքրը, քանի որ մեծը միշտ սկսվում է փոքրից։ Ամենափոքրը 8 [բելառուսական] ռուբլի է (մոտ 2,7 դոլար)։ Դա կենցաղային կոռուպցիայի փաստ էր. կենտրոնական շրջանային հիվանդանոցներից մեկի ընդհանուր պրակտիկայի բժիշկն այդքան է գնահատել հիվանդության թերթիկ դուրս գրելու համար իր ծառայությունը»,- պատմել է նա։ Պատասխանելով նման կաշառքի համար նախատեսված պատժի մասին հարցին՝ Գորլուկովիչը պարզաբանել է, որ դա բժշկի դեմ հարուցված գործի դրվագներից մեկն է. ընդհանուր առմամբ նա մեղադրվում է կաշառակերության չորս դրվագում՝ 150 բելառուսական ռուբլի (մոտ 50 դոլար) ընդհանուր գումարով։
Գլխավոր դատախազության վարչության ավագ դատախազ Օլգա Բախարը լրագրողներին հայտնել է, որ կոռուպցիայի նկատմամբ առավել խոցելի են գյուղատնտեսության, արդյունաբերության, տրանսպորտի, շինարարության, առողջապահության և կրթության ոլորտները:
2025 թվականի ընթացքում կոռուպցիոն գործերով վնասի չափը կազմել է 16 մլն բելառուսական ռուբլի (5,3 մլն դոլար): «Կոռուպցիոն հանցագործությունների ամենամեծ մասնաբաժինը կազմում է կաշառակերությունը՝ ավելի քան կեսը»,- ասել է նա:
Բախարը նշել է, որ անցյալ տարի դատախազների կողմից իրականացված ընդհանուր վերահսկողական ստուգումների արդյունքում հարուցվել է 132 քրեական գործ, ներկայացվել է դատախազական հսկողության ավելի քան 2,5 հազար ակտ, շուրջ 3,5 հազար պաշտոնատար անձ ենթարկվել է նյութական, վարչական և կարգապահական պատասխանատվության: Նաև 17 անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից:





























