Տարածաշրջանում ԱՄՆ ռազմարդյունաբերական և օդատիեզերական համալիրի հետ կապված երկու ձեռնարկություն հրթիռային և անօդաչու սարքերի հարվածների է ենթարկվել, հայտնում է IRNA-ն՝ հղում անելով Իրանի ԻՀՊԿ մամուլի ծառայությանը։

Ըստ ԻՀՊԿ հաղորդագրության, ի պատասխան Պարսից ծոցի հարավային ափի երկրների տարածքից Իրանի արդյունաբերական ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու «ամերիկա-սիոնիստական թշնամու թշնամական գործողությունների», ԻՀՊԿ օդատիեզերական և ռազմածովային ուժերը համակցված գործողություն են իրականացրել և խոցել տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ու օդատիեզերական արդյունաբերության հետ կապված երկու օբյեկտ՝ ԱՄԷ-ում EMAL և Բահրեյնում ALBA ալյումինի գործարանները։

Նշվում է, որ EMAL-ն ալյումինի արտադրության աշխարհի խոշորագույն գիծն է (1,3 միլիոն տոննա), իսկ ALBA-ն, ըստ հայտարարության, ամերիկացի ներդրողների մասնակցությամբ դերակատարություն ունի ԱՄՆ պաշտպանական արդյունաբերության ապահովման գործում։