Աթենքի սոցիալիստ քաղաքապետ Խարիս Դուկասը վճռականորեն է տրամադրված քաղաքի գերբնակեցված կենտրոնը բնակիչներին վերադարձնելու հարցում: Զբոսաշրջային սեզոնի սկիզբը պատմական կենտրոնի մեծ մասը «գերհագեցած լինելու» վտանգի տակ է դնում, հաղորդել է The Guardian-ը:

Նրա կարծիքով՝ ամբողջական թաղամասեր իրենց աուտենտիկությունը կորցնելու վտանգի տակ են անվերահսկելի զբոսաշրջության պատճառով:

Անցյալ տարի Աթենքն ընդունել է ավելի քան 8 միլիոն այցելու, ինչը ռեկորդային ցուցանիշ է մեգապոլիսի համար, որը մի ժամանակ համարվում էր դեպի հունական կղզիներ տանող մեկնակետ:

Քաղաքապետարանի պատվիրած հետազոտության համաձայն՝ Ակրոպոլիսի տակ գտնվող հայտնի Պլակա շրջանում գիշերակացների թիվը, ներառյալ կարճաժամկետ վարձակալությունները, ավելի քան կրկնապատկվել են 2018 թվականից սկսած:

Մտահոգիչ նշաններն ամենուրեք են ՝ սկսած անշարժ գույքի վարձավճարների աճից, որը տեղի բնակիչներին դրել է ոչ բարենպաստ դրության մեջ, մինչեւ գերծանրաբեռնված ենթակառուցվածքը, որը ճկվում է ճնշման տակ։

«Ամբողջ Աթենքը փորում են, որպեսզի մենք կարողանանք հաղթահարել այս վիճակը»,- ասել է Դուկասը, որը մինչ տեղի կառավարություն գալը կլիմայական էներգիայի պրոֆեսոր էր։ «Մենք կառուցում ենք էլեկտրամատակարարման ենթակառուցվածք, ջրամատակարարման, նոր կոյուղու համակարգեր, 5G ցանցեր։ Երբ դուք ունեք մոտ 700 հազար բնակիչ եւ 8 միլիոն այցելու, բեռը հսկայական է»։

Դուկասը պաշտոնը ստանձնել է 2024թ․՝ գլխավոր ընդդիմադիր կուսակցության՝ ՊԱՍՈԿ-ի աջակցությամբ անակնկալ հաղթանակ տանելուց հետո՝ խոստանալով «կանաչապատել» մայրաքաղաքը, որը շատերը համարում են ամենապոպուլյարը մայրցամաքում։

Նրա ղեկավարությամբ քաղաքապետարանի 39 քառակուսի կիլոմետր տարածքում տնկվել է մոտ 3 855 ծառ։ Բայց Աթենքի գրավչության  ավելանալուն զուգընթաց՝ քաղաքապետը բախվեց այն ուժերի հետ, որոնց ուղիղ մեղադրում է խոշոր զբոսաշրջային վայրերի «անկանոն զարգացման» մեջ։

Դուկասը թիրախավորել է մ.թ.ա. 5-րդ դարում կառուցված Ակրոպոլիսի ստորոտում բարձրահարկ շենքեր կառուցել ցանկացող շինարարական ընկերությունները, ինչպես նաեւ անշարժ գույքի ներդրողներին եւ ձեռնարկատերերին։ Նա նաեւ թիրախավորում է տանիքների բարերը եւ ճաշարանները, որոնք հաճախ լիցենզիա չունեն։ Պայքարը սրվել է այս շաբաթ, երբ Դուկասը The Guardian-ին ասել է, որ կօգտագործի հողօգտագործման մասին ներկայում քննարկվող օրինագիծը՝ քաղաքի պատմական կենտրոնում նոր բիզնես-գործունեության լիակատար արգելքի կոչ անելով։

Քաղաքապետը նաեւ առաջ է քաշել նոր հյուրանոցների թույլտվությունները սառեցնելու գաղափարը։