«Բլից հարցազրույցներ ԱԺ պատգամավորների հետ» շարքի շրջանակներում NEWS.am-ը ներկայացնում է իր հերթական հարցազրույցը: Այս անգամ զրուցել ենք Հանրապետական խմբակցության պատգամավոր, թիվ 17 ընտրատարածքից ընտրված Կարինե Պողոսյանի հետ:
Ո՞վ է Կարինե Պողոսյանը, ինքներդ ձեր մասին ի՞նչ կասեք:
Կին, մայր, մանկավարժ, ԱԺ պատգամավոր:
Ձեր ո՞ր հատկանիշներից կցանկանայիք ձերբազատվել եւ ի՞նչ հատկանիշներ կցանկանայիք ունենալ:
Չեմ կարծում, որ ունեմ այնպիսի հատկանիշ, որից կցանկանայի ազատվել: Կուզենայի ավելի կենսախինդ լինել:
Ձեր առավելություններն ու թերությունները:
Երկու դեպքում էլ վստահությունը:
Թուլություններ կամ խոցելի կողմեր: Բայց հատուկ խնդրանք` երեխաներս, ընտանիքս չասեք:
Թուլությունս՝ երբ հավատում եմ մարդկանց, խոցելի կողմս՝ երբ մտերիմներիս մասին չարախոսում են:
Մանուկ հասակում ինչպիսի՞ն էիք` «մամային տնային բոլոր գործերում օգնող», թե…: Մի հետաքրքիր դրվագ կհիշե՞ք:
Այնպես, ինչպես այդ տարիքի երեխաները: Փոքր հասակում՝ մինչ դպրոց հաճախելը, ինձ պատկերացրել եմ ուսուցչի դերում եւ հաճախ էի տիկնիկիս դաս տալիս:
Հայելու առաջ: Ի՞նչ կփոխեիք ձեր արտաքինում:
Միանշանակ ոչինչ:
Կին ֆիզիկոս ամեն օր չես հանդիպի, ինչո՞ւ որոշեցիք ֆիզիկոս դառնալ:
Շատ սիրեցի ֆիզիկայի ուսուցչուհուս: Նա շատ պատկերավոր էր ներկայացնում առարկան:
Երեւի հոգնել եք այս հարցից, բայց հարցնեմ: Ինչո՞ւ որոշեցիք պատգամավոր դառնալ եւ ընտանիքի անդամները` ամուսին, երեխաներ, ծնողներ, ինչպե՞ս ընդունեցին ձեր այդ որոշումը:
Արարատի մարզպետն առաջարկեց ինձ դնել թեկնածությունս ԱԺ պատգամավորի ընտրություններում: Ինչ խոսք, երկար մտածելուց հետո գտա, որ որպես մանկավարժ անելիք ունեմ ԱԺ-ում: Դեռ ավելին, ստացա ընտանիքիս աջակցությունը, որն ինձ ավելի ոգեւորեց:
Բոլոր ուսուցիչ պատգամավորներին միշտ հարցնում եմ, թե ինչ տարբերություն եւ նմանություն աշակերտների եւ պատգամավորների միջեւ, որտեղ է հաճելի գտնվել` ԱԺ նիստերի դահլիճո՞ւմ, թե՞ դասարանում:
Երկու միջավայրն էլ հոգեհարազատ է: Նմանությունը, որ տարիքում եւ որտեղ էլ լինես, դեռ սովորելու բան ունես: Տարբերությունը, որ երեխաները զերծ են քաղաքականությունից: Դպրոցն իր ուրույն տեղն ունի իմ կյանքում, Ազգային ժողովը՝ իր:
Չե՞ք կարոտում անմեղ երեխաների հետ շփումը, նրանց անկեղծությունը, հավատո՞ւմ եք, որ պատգամավորներն էլ են երեխա եղել, նույնիսկ` ժիր,սիրունիկ ու անմեղ:
Չեմ կարոտում, որովհետեւ դպրոցը չեմ թողել, ունեմ դասաժամեր: Հավատում եմ, այո, օրինակը՝ ես:
Մեծամասնականով ընտրված եզակի կին պատգամավորներից եք, ինչի՞ կամ ո՞ւմ շնորհիվ եք ընտրվել:
Ընտրվել եմ իմ ամբասիր աշխատանքի եւ ժողովրդի վստահության շնորհիվ:
Կարծիք կա, որ Հայաստանում մեծամասնականով ընտրվում են ֆեոդալները, հիմա դուք ձեզ ֆեոդալ զգո՞ւմ եք:
Մանկավարժը՝ ֆեոդալ…
Լրատվամիջոցներում շատ էր շեշտվում Ձեր` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մորաքրոջ աղջիկ լինելը: Ձեր բարեկամությունն ի՞նչ մակարդակի վրա է, այն սահմանափակվում է միայն տոներին փոխայցելություններով եւ շնորհավորանքներո՞վ:
Ես հպարտ եմ իմ բարեկամությամբ: Յուրաքանչյուրի համար մեծ առավելություն է ունենալ ամուր բարեկամություն:
ԱԺ նախագահի ազգական լինելը ի՞նչ փակ դռներ է բացել Ձեր առաջ:
Դեռ դռներ չեմ թակել:
Ի՞նչը չեք ներում Ձեզ:
Պետք է նախ սխալ գործել, հետո ներել:
Ի՞նչ սխալներ եք գործել:
Մինչ օրս ոչ ոք այդ մասին չի ասել:
Ինչի՞ համար եք զղջում:
Չարածներիս:
Ի՞նչ երբեք չեք անի:
Չեմ դավաճանի:
Երբեւէ ամաչե՞լ եք Ձեր ինչ-որ արածի կամ ասածի համար:
Դեպք չեմ հիշում:
Ինքներդ Ձեզնից գո՞հ եք, եւ եթե այո, ապա` ինչու, իսկ եթե ոչ, ապա հատկապես ինչի՞ց եք դժգոհ:
Գոհ եմ, որ ոչ մեկի տուն չեմ քանդել, ոչ մի ազնիվ միտք չեմ բանտել:
Ամենաշատը ի՞նչ թեմաներով եք ստիպված լինում սուտ ասել կամ խաբել ինչ-որ մեկին:
Ծայրահեղությունից ծայրահեղություն:
Ո՞րն է ձեր կյանքի ամենահամարձակ քայլը:
ԱԺ պատգամավոր դառնալը:
Ձեր սիրելի աֆորիզմը:
«Աշխարհում ազնիվ մարդուց հիանալի բան չկա» Ռ. Ռոլան:
Զայրանում եք...
Իսկ ինչո՞ւ ոչ…
Հոգնում եք...
Այո՛, երբեմն:
Հուսահատվում եւ հիասթափվում եք...
Հուսահատվում եմ թեթեւ դերերից. հիասթափվում՝ էժան խոսքերից:
Ինչպե՞ս եք լիցքաթափվում` երգել, պարել, շոպինգ, մարզասրահ այցելել:
Լիցքաթափվում եմ հարազատներիս միջավայրում եւ ընտանիքում:
Հաջողությունների հասնելու երեք պայման:
Անկեղծություն, նվիրվածություն, պատասխանատվություն:
Ձեր սիրելի զբաղմունքները:
Ընթերցանություն:
Ձեր վատագույն սովորությունը:
Չունեմ:
Ձեր սիրելի գույնը եւ ծաղիկը:
Սիրելի գույնը՝ վարդագույն, ծաղիկը՝ վարդ:
Եթե ոչ Դուք, ապա ուրիշ ո՞վ կցանկանայիք լինել:
Միանշանակ՝ ես:
Որտե՞ղ կցանկանայիք ապրել:
Որտեղ խոսում են հայերեն:
Ի՞նչ բարդույթներից եք ազատվել եւ այժմ ի՞նչ բարդույթներ ունեք:
Չեմ ունեցել:
Ասում են` կնոջ պայուսակի պարունակությունը պատմում է նրա մասին: Կխնդրեի հենց այս պահին նայեիք Ձեր պայուսակը եւ թվարկեիք, թե ինչ կա այնտեղ:
ԱԺ վկայական, անձնագիր, գրիչ, նոթատետր, օծանելիք, շրթներկ:
Հարեւանների կամ ընկերուհիների հետ վերջին անգամ ե՞րբ եք հավաքվել, բանբասել, սուրճ խմել եւ սուրճի գավաթ նայել:
Բանբասանքից հեռու եմ, վերջին անգամ հավաքվել ենք շաբաթ օրը:
Ասում են` կանանց մեջ անկեղծ ընկերություն չկա, երբեւէ զգացե՞լ եք, որ Ձեզ նախանձեն եւ ինչի՞ համար:
Հավատացած եմ, որ կա անկեղծ ընկերություն: Սակայն չեմ ժխտում, որ կա նաեւ նախանձ:
Կնոջ զանազան զենքերից որո՞նք եք հաճախակի կիրառում` գեղեցկություն, արցունքներ եւ այլն:
Նայած ինչ հանգամանքներում:
Ինչպիսի՞ն եք խոհանոցում, ի՞նչ եք սիրում պատրաստել, ի՞նչ` ոչ: Պատգամավոր ընտրվելուց հետո ե՞ւս զբաղվում եք տնային գործերով, թե՞…
Ես ինձ խոհանոցում իսկապես լավ եմ զգում եւ մինչ օրս էլ ընտանիքս չի նկատել իմ պակասն այնտեղ: Սիրում եմ անընդհատ փոփոխել խոհանոցս:
Օրական քանի ժամ եք նվիրում տնային գործերին:
Անում եմ ամեն ինչ, որպեսզի գործերս անավարտ չմնան:
Երկու կին մի տան մեջ եւ պատերազմը սկսված է: Հարս-սկեսուր «հակամարտությունը» ձեր դուռը չի՞ բախել:
Ո՛չ…
Ի՞նչ եք կարծում` ինչպիսի զոքանչ կամ սկեսուր կլինեք, Դո՞ւք եք ընտրելու ձեր ապագա հարսին կամ փեսային, թե՞ ոչ: Օրինակ` Ձեզ համար սկզբունքայի՞ն է, որ հարսը Ձեզ «մայրիկով» դիմի, իսկ երեխային անվանեն Ձեր անունով:
Միշտ սիրել եմ մեր ավանդական, հայկական ընտանիքը: Երեխաներս էլ մեծանում են հենց այդպիսի ընտանիքում: Իսկ մյուս հարցերն ինձ համար էական չեն, կարեւորը փոխադարձ հարգանքն է:
Ձեր հանդերձարանը, որտեղի՞ց եք Ձեզ համար հագուստ գնում:
Նախընտրում եմ դասական ոճի հագուստ, գնումներ կատարում եմ այստեղից:
Շաբաթական ինչքա՞ն գումար է Ձեզ անհրաժեշտ գեղեցիկ եւ խնամված տեսք ունենալու համար:
Նայած շաբաթ:
Ամենաթանկարժեք իրը, որ ունեք (ադամանդե վզնոց, մեքենա, տուն, մուշտակ եւ այլն):
Ամենաթանկարժեքը ինձ համար իմ տունն է:
Ամենառոմանտիկ օրը:
Ծննդյանս 30 ամյակն էր…
Մաքս Կաուֆմանը գրում է. «Ես չգիտեի, թե ինչ է երջանկությունը մինչ ամուսնանալը: Իսկ հետո արդեն ուշ էր»: Դուք գիտեք` ի՞նչ է երջանկությունը:
Երջանիկ լինելու համար հարկավոր է հավատալ երջանկությանը:
Գրականության կամ պատմության մեջ ո՞վ է Ձեզ համար տղամարդու իդեալական կերպար:
Ե՛վ գրականության, եւ՛ պատմության մեջ՝ Աշոտ Երկաթը:
Հայտնի տղամարդկանցից գեղեցկության չափանիշն ո՞վ է Ձեզ համար, որի ընթրիքի հրավերը չէիք մերժի:
Անկեղծ, չեմ մտածել երբեւէ:
Մինչ ամուսնանալը շա՞տ երկրպագուներ եք ունեցել եւ ի՞նչ խենթություններ են արել նրանք ձեզ համար:
Ունեցել եմ շատ երկրպագուներ, բայց խենթ երկրպագուներ չեմ ունեցել:
Դուք խանդո՞տ կին եք, իսկ Ձեր ամուսինը ձեզ խանդո՞ւմ է:
Խանդելու առիթը պետք է լինի:
Ո՞րն է կյանքում սերը խոստովանելու ամենալավ ձեւը: Ձեզ ինչպե՞ս են սեր խոստովանել:
Սեր խոստովանելու համար բառերը քիչ են, հոգի է պետք:
Անցած սերեր, չասեք, թե չեն եղել, բա մանկապարտեզային սերե՞րը:
Անցածն անցած է:
Ինչպիսի՞ն պետք է լինի տղամարդը, որպեսզի կարողանա գրավել ձեր սիրտը:
Խելացի, նվիրված եւ հանդուրժող:
Ինչպիսի՞ն է Ձեր ամուսինը, ինչպե՞ս նրան հանդիպեցիք եւ ինչո՞ւ հենց նրան ընտրեցիք:
Ընտանիքին նվիրված հայր եւ ամուսին: Շատ խելացի էր:
Ձեր ընտանիքը: Ընտանեկան վեճերը ի՞նչ թեմաների շուրջ են առաջանում:
Ունեմ երկու զավակ: Առօրյա վեճեր լինում են երբեմն:
Հայտնիներից մեկն ասել է, թե բոլոր հակասությունները միավորվում են կնոջ սրտում: Հիմա ձեր սրտում ի՞նչ հակասություններ կան:
Կնոջ սիրտը փակ գաղտնարան է:
Ամուսնական կյանքում ի՞նչ խոչընդոտներ են եղել եւ ի՞նչ խոչընդոտներ կան:
Խոչընդոտներ միշտ էլ լինում են, սիրո զորությունը հենց այստեղ է պետք:
Այժմ նշեք, թե Դուք ինչ կցանկանայիք հարցնել այս շարքին մասնակցող մյուս պատգամավորին, որը չգիտեմ, թե ով կլինի:
Ո՞րն է Ձեզ համար առավել անընդունելի՝ զրպարտելը, թե՞ դավաճանելը:
Մեր շարքին մասնակցող նախորդ պատգամավորը` ԲՀԿ-ից Արագած Ախոյանը Ձեզ հարցնում է, թե բնավորության ո՞ր տեսակն եք սիրում` խոլերիկ, սանգիվինիկ, մելանխոլիկ, ֆլագմատիկ:
Սանգվինիկ:
Նշենք, որ Կարինե Պողոսյանը ավարտել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը: ֆիզիկոս, մանկավարժ է: Աշխատել է դպրոցում որպես ֆիզիկայի ուսուցչուհի, եղել է Արտաշատի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն: 2003թ. ՀՀԿ անդամ է, ՀՀԿ Արտաշատի շրջանային խորհրդի փոխնախագահ, պատգամավոր է ընտրվել 2012թ. մայիսի 6-ին թիվ 17 ընտրատարածքից:
Ավելի վաղ NEWS.am-ը ներկայացրել էր հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի, Լեւոն Մարտիրոսյանի, Նաիրա Կարապետյանի, Հայկ Գրիգորյանի, Մարգարիտ Եսայանի, Գարեգին Նուշիկյանի, Հովհաննես Սահակյանի, Արտակ Զաքարյանի, Կարինե Աճեմյանի, Արտակ Դավթյանի, Սամվել Ֆարմանյանի, Շիրակ Թորոսյանի, Հայկ Բաբուխանյանի, Սուքիաս Ավետիսյանի, Կարեն Ավագյանի, Էդուարդ Շարմազանովի, Տաճատ Վարդապետյանի, Սամվել Նիկոյանի, Ռուզաննա Մուրադյանի, Արթուր Գեւորգյանի, Գալուստ Սահակյանի, Մկրտիչ Մինասյանի,Մանվել Բադեյանի, Շուշան Պետրոսյանի, ՕԵԿ-ից` Հեղինե Բիշարյանի, Կարեն Բոթոյանի. Խաչիկ Հարությունյանի, Հովհաննես Մարգարյանի, ԲՀԿ-ից`Տիգրան Ուրիխանյանի, Էլինար Վարդանյանի, Վահե Էնֆիաջյանի, Նաիրա Զոհրաբյանի, Գուրգեն Արսենյանի, Վահան Բաբայանի, Արմեն Ավետիսյանի, Բազմասեր Առաքելյանի, Միքայել Մելքումյանի, Ռուբեն Գեւորգյանի (Ծաղիկ Ռուբո), Մարտուն Գրիգորյանի,Լյովա Խաչատրյանի,Մերուժան Սիմոնյանի, Արագած Ախոյանի, ՀԱԿ-ից` Լյուդմիլա Սարգսյանի, Հրանտ Բագրատյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Արամ Մանուկյանի , «Ժառանգությունից»` Ռուբեն Հակոբյանի, Խաչատուր Քոքոբելյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Թեւան Պողոսյանի, ՀՅԴ-ից` Արծվիկ Մինասյանի, Աղվան Վարդանյանի, Արմեն Բաբայանի, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ:
Շարքը` Ինգա Մարտինյանի





























