Առողջապահության նախարարի տեղակալը եկավ, խոստացավ օգնել ու արդեն մեկ ամիս նորություն չունենք: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ապրիլի 19-ին հերթապահության ժամանակ կանչի մեկնելիս վթարի ենթարկված Արմեն Մկրտչյանի կինը` Հասմիկ Հակոբյանը:

«Նախարարի տեղակալի գալուց երկու շաբաթ հետո իբրև բժիշկներ եկան` որպես կոնսիլիում: Ուռոլոգն ասաց, որ մի դեղ կա, որ խմի, կլավանա, բայց էդ դեղը Հայաստանում չի վաճառվում, իսկ նյարդավիրաբույժն էլ ասաց, որ ողնաշարի հետազոտություն պիտի անել, տվեց հեռախոսահամարը, որ զանգենք, պայմանավորվենք: Մեկ ամիս ա զանգում ենք, չի պատասխանում»,- ասաց Հասմիկը:

Հասմիկի խոսքով` կոնսիլիումի բժիշկները ոչ մի հստակ բան չեն ասել. «Փոխնախարարը մեզ խոստացավ, որ Արմենի հիվանդության թղթերն ուղարկելու են Գերմանիա, իսկ Հայաստանում հրավիրելու են կոնսիլիում, որի արդյունքների հիման վրա էլ Արմենին կուղարկեն Գերմանիա բուժվելու: Բայց արդեն երկու շաբաթ ա, լռություն ա»:

Երեք անչափահաս երեխաների հայր Արմեն Մկրտչյանի վիճակը շարունակում է ծանր մնալ: Հենաշարժողական համակարգի խնդիրների պատճառով նա ի վիճակի չէ աշխատել, կերակրել ընտանիքին եւ վճարել վարձակալած բնակարանի գումարը։ Ընտանիքը ծանր վիճակում է, որովհետեւ կինը նույնպես չի կարողանում աշխատել. կրտսեր որդին 5 ամսական է։

Արմենի բուժման համար բացված հաշվեհամարով հավաքվել է ընդամենը 200 հազար դրամ. «Դե պատկերացրեք` ինչ կարող ենք անել էդ գումարով, ոչ մի բան»:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, ապրիլի 19-ին հերթապահության ժամանակ բժիշկ Արմեն Մկրտչյանը շտապօգնության մեքենայով ուղևորվել էր Արցախի փողոց: Ճանապարհին «Մերսեդես» մակնիշի մեքենան հարվածել էր շտապօգնությանը, ինչի հետևանքով «Մերսեդես»-ի վարորդը տեղում մահացել էր, իսկ շտապօգնության մեքենայի վարորդը, բժիշկն ու բուժքույրը՝ մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Հրաշքով փրկված Արմենն այժմ առողջական լուրջ խնդիրների առջեւ է կանգնել: Արմենի բուժումը հնարավոր է իրականացնել միայն արտասահմանում:

Հոկտեմբերի 29-ին, լրատվամիջոցներում հրապարակված ահազանգերից հետո, Մկրտչյանի ընտանիքին էր այցելել Առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանն ու «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը և խոստացել օգնել: Արմենի հարազատները նոր հաշվեհամար են բացել նրա բուժման համար: UNIBANK 24126004342700 AMD 24126004342701 USD 24126004342702 EUR