News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Տեսնել էր պետք, թե ինչ էր կատարվում Օհրիդի փողոցներում, երբ հնչում էր հայկական դուդուկը: NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի արվեստի դպրոցի «Ժողովրդական Նվագարանների» նվագախմբի ղեկավար Նարինե Զաքարյանը՝ անդրադառնալով Մակեդոնիայում տեղի ունեցած միջազգային փառատոնին Բյուրեղավանի նվագախմբի մասնակցությանն ու հաղթանակին:

«Օհրիդ 2018» ժողովրդական երաժշտության, երգի, պարի միջազգային ամենամյա 11- րդ փառատոնն անցկացվել է հուլիսի 26-30-ին. այն կազմակերպում է «Աշխարհի Փառատոնների ասոցիացիան»: Այս տարի աշխարհի շուրջ 15 երկրների շարքում փառատոնին մասնակցել է նաեւ մեր Հայաստանը՝ Բյուրեղավանի արվեստի դպրոցի «Ժողովրդական Նվագարանների» նվագախմբով եւ շահել գլխավոր մրցանակը` «Գրան Պրին»:

Նարինե Զաքարյանի խոսքով՝ իրենց համար մեծ նվաճում էր փառատոնի գլխավոր մրցանակին արժանանալը, այն էլ այնպիսի երկրների շարքում, ինչպիսիք են Ֆրանսիան, Իսպանիան, Բուլղարիան, Ռումինիան եւ այլն:

«15 երկրներից խմբեր կային, որոշ երկրներից էլ՝ մեկից ավելի: Հայաստանից միայն մենք էինք: Ի դեպ՝ մեր նվագախումբը միակն էր փառատոնի մասնակիցների մեջ, որ ներկայացել էր ամենամեծ կազմով ու հանդես էր գալիս միայն կենդանի կատարումներով: Նվագախմբում ընդգրկված է 21 երեխա՝ 12-17 տարեկան: Մեր նվագախմբում հայկական բոլոր նվագարանները կային՝ դհոլ, դուդուկ, շվի, զուռնա, պկու, քանոն, քամանչա, ուդ, բամբիռ... Նույնիսկ մենակատար ունեինք: Ամեն ինչ կենդանի էր կատարվում եւ, երեւի, դրանով էլ գերեցինք  հանդիսատեսին»,- պատմեց Նարինե Զաքարյանը:

«Երկու օր Օհրիդ ծովափնյա քաղաքում բացօթյա համերգ էինք տալիս: Բոլոր խմբերին ամեն օր տրված էր 15 րոպե ժամանակ, եւ մենք այդ ժամանակահատվածում հասցրել ենք կատարել հայկական ժողովրդական երգ ու պարերի շարան, հայրենասիրական երգեր, աշուղական,Սայաթ-Նովա ենք կատարել: Բոլոր երկրների ներկայացուցիչները շրջում էին քաղաքի փողոցներով՝ հնչեցնելով իրենց ազգային երաժշտությունը: Դուք պետք է տեսնեինք, թե ինչ էր կատարվում Օհրիդի փողոցներում, երբ մեր դուդուկի ձայնն էր հնչում: Աննկարագրելի էր՝ ե՛ւ մեր ապրումները, ե՛ւ մեր տեսածը»,- պատմում է Նարինեն:

Մի քանի օր տեւած շրջագայության ընթացքում նվագախումբը հասցրել է լինել 8 երկրում, ծանոթացել նրանց մշակույթին եւ հաղթանակած վերադարձել  Բյուրեղավան: Այստեղ էլ նրանց դիմավորել են մեծ ցնծությամբ:

Որպես մրցանակ՝ խումբը ստացել է գավաթ, բոլոր մասնակիցներին տրվել են մեդալներ, դիպլոմներ եւ հուշանվերներ:

Հավելենք, որ Բյուրեղավանի արվեստի դպրոցի «Ժողովրդական Նվագարանների» նվագախումբը բազմաթիվ փառատոնների եւ մրցույթների հաղթող է:

Տպել
Ամենաշատ