ԵԽԽՎ-ի ու Եվրախորհրդի մյուս կառույցների ջանքերի, ինչպես նաև վեհաժողովում Հայաստանի պատվիրակության հետ սերտ և հետեւողական համագործակցության շնորհիվ Հայաստանի իշխանությունները 15 ամիսների ընթացքում զգալի առաջընթացի են հասել ԵԽԽՎ բանաձևերի պահանջների կատարման գործում։ Այս մասին ասված է «Ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը Հայաստանում» զեկույցում, որի շուրջ քննարկումները տեղի կունենան հունիսի 24-ին ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում։

ԵԽԽՎ դիտարկման հանձնաժողովի համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեի ու Ջոն Պրեսկոտի պատրաստած զեկույցում ասվում է, որ Հայաստանի իշխանությունները վերացրել են հանրահավաքների, երթերի ու ցույցերի անցկացման մասին օրենքում եղած հակասական փոփոխությունները, սկսել են Երևանում 2008 թ. մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած իրադարձությունների հետաքննություն, ինչպես նաև կարևոր փոփոխություններ են կատարել երկրի քրեական օրենսգրքի խնդրահարույց դրույթներում։ Բացի այդ, նշվում է զեկույցում, ԵԽԽՎ-ի հանձնարարությամբ նախաձեռնվել են մի շարք բարեփոխումներ, որոնց արդյունքում հնարավոր է դարձել համաներում հայտարարելը։

Միաժամանակ եվրոպացի խորհրդարանականները նշում են, որ համաներումը դարձել է ԵԽԽՎ կարևոր պահանջի կատարման միջոց, սակայն, այնուհանդերձ, չի կարող բավարար քայլ համարվել Հայաստանի քաղաքական կյանքի լիակատար հանդարտեցման և երկրի ներսում առկա ճգնաժամի հաղթահարման ճանապարհին։ «Դիտարկման հանձնաժողովը պետք է մշտական աջակցություն ցուցաբերի իշխանություններին այդ գործընթացում՝ Վեհաժողովի առջև ունեցած Հայաստանի պարտավորությունների կատարման մշտական մոնիտորինգի անցկացման ընթացակարգի շրջանակներում»,- նշվում է Կոլոմբիեի ու Պրեսկոտի զեկույցում։