Ամփոփվել են Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում հունիսի 1-ից մեկնարկած պետական ավարտական եւ միասնական քննությունների առաջին հիմնական փուլի վերջին` «Քիմիա» եւ «Հայոց պատմություն» առարկայից  քննության արդյունքները: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում հայտնեց  Գնահատման եւ թեստավորման մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը:

«Քիմիայից» քննությանը մասնակցել է 1455 մարդ, բացակայել է  56-ը, իսկ «Հայոց պատմությունից» մասնակցել է  3026-ը, բացակայել` 240-ը:

Այսպես, «Քիմիա» առարկայից միջին միավորը կազմել է 10,8, 20 ստացել է ընդամենը մեկ դիմորդ: 17,5-20 միավոր ստացել է 163, 13,5-17,25 միավոր` 257, 7,5-13,25 միավոր` 659 դիմորդ: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 376 դիմորդ:

«Հայոց պատմություն» առարկայից միջին միավորը կազմել է 10-ը, 6 հոգի հավաքել է առավելագույն 20 միավոր:  17,5-20 ստացել է 207, 13,5-17,25 միավոր` 429, 7,5-13,25 միավոր` 1454 դիմորդ: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 936 հոգի:

Նշենք, որ արդյունքներն հրապարակվելուց հետո մեկ օրվա ընթացքում դիմորդները կարող են բողոքարկել արդյունքները հենց այն քննակենտրոնում, որտեղ հանձնել են քննություն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 1-ից Հայաստանում  մեկնարկել են պետական ավարտական եւ միասնական քննությունները: Հայաստանում  այս տարի դիմորդների թիվը 18 հազար 107 է, ԼՂՀ-ն` ներառյալ, մինչդեռ 2010թ 17 հազար 656 է եղել: ԼՂՀ-ում 2010թ դիմում հայտ է ներկայացրել 876 դիմորդ, իսկ այս տարի` 1260: Ընդհանուր առմամբ, Հայաստանի բոլոր մարզերում ձեւավորվել էր 40 քննակենտրոն, ԼՂՀ-ում` 8: 

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի