Երեւանում, հուլիսի 3-5-ին, կանցկացվի «Գուտենբերգից մինչեւ ինտերնետ.անավարտ պատմություն գրադարանների համար» նշանաբանով գրադարանագիտության արդի խնդիրներին նվիրված եռօրյա միջազգային գիտաժողովը: Այն կազմակերպվել է Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու ծրագրի շրջանակում եւ մշակույթի նախարարության, Ազգային գրադարանի,Հայաստանի ամերիկյան համալսարանի եւ «Էլեկտրոնային տեղեկատվություն գրադարաններին» միջազգային կոնսորցիումի նախաձեռնությամբ :
Եռօրյա աշխատանքային քննարկումների ընթացքում գիտաժողովի մասնակիցները կանդրադառնան այսօր զարգացող երկրներում մտավոր սեփականության եւ հեղինակային իրավունքի , «Բաց մատչելիության» սկզբունքի հիման վրա գիտական ամսագրերի հրատարակման խնդիրներին, ինչպես նաեւ գրադարաններին ազատ կոդերով ծրագրերի ներկայացման փաթեթներին, որոնք տարածվում են անվճար, սպասարկվում են գրադարանավարների ուժերով եւ մեծ տարածում ունեն ամերիկյան եւ եվրոպական գրադարաններում: Գիտաժողովի պլենար զեկուցումների եւ աշխատանքային քննարկումների ընթացքում մասնակիցները կծանոթանան նաեւ եվրոպական եւ հյուսիսամերիկյան երկրներում գրադարանային ոլորտում կուտակված փորձին ու նոր ձեռքբերումներին:
Բացի այդ, միջազգային շուկայում առաջատար 13 հրատարակիչներ, որոնց անուններն արդեն ինքնին խոսում են տվյալ հրատարակչական կառույցի մասին, գիտաժողովի մասնակիցներին կցուցադրեն իրենց արտադրանքը:
Երեւանյան համաժողովի հիմնական բանախոսներն են Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանի իրավունքի քոլեջի պրոֆեսոր Միքայել Քերոլլը եւ Առնոլդ Հիրշոնը:Զեկուցումներով հանդես կգան նաեւ Ռոնալդ Շնայդերը /Նիդերլանդներ/,Կատյա Ռապուսը /Սլովենիա/ եւ Ելենա Միրոնովան/Տարտուի համալսարան/: Գիտաժողովն իր աշխարհագրական լայն ընդգրկմամբ եւ մասնակից գրադարանավարների մասնագիտացմամբ (հանրային, համալսարանական, հետազոտական) ,ինչպես նաեւ քննարկվող թեմաների արդիականությամբ կարեւորագույն իրադարձություն է գրադարանագիտության ոլորտում:



























