Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդուժերի հրամանատար, գեներալ Էմիր Հաջըզադեն հայտնել է, թե Իրանը Թուրքիայի Մալաթիա նահանգում ՆԱՏՕ-ի ռադարների դեմ նոր բալիսթիկ հրթիռ է մշակել, ինչպես նաեւ խոսել Սիրիայում խփված թուրքական օդանավի մասին:
Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet-ը՝ վկայակոչելով իրանական IRNA գործակալությանը, իրանցի գեներալն իր խոսքում անդրադառնալով Սիրիայի կողմից թուրքական հետախուզական օդանավի կործանմանը, նշել է, որ թուրքական իշխանությունները դրանով փորձեցին Սիրիայի իշխանությունների դեմ քաղաքական ճնշում բանեցնել: «Ուրախ չեմ, որ թուրք օդաչուները մահացան»,-աել է Հաջըզադեն: Նրա այս խոսքերը զարմանք են առաջացրել թուրքական մամուլում, քանի որ թուրք օդաչուների մահը հաստատող տեղեկություններ դեռ չկան:
Նշենք, որ հունիսի 22-ին թուրքական F-4 հետախուզական մի օդանավ մտել էր Սիրիայի օդային տարածք եւ խփվել սիրիական հակօդային ուժերի կողմից: Թուրքական կողմը պնդում է, թե օդանավը խփվել է Սիրիայի տարածքից դուրս: Միջազգային մամուլի միջոցով մի շարք զինվորականներ պնդեցին, որ թուրքական օդանավը խախտել էր Սիրիայի օդային սահմանը:



























