ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը կիրակի օրը կայցելի Հայիթի, ուր մի քանի օր առաջ հզոր երկրաշարժ էր տեղի ունեցել։

ՄԱԿ-ն ուրբաթ օրը Նյու Յորքի գրասենյակում Հայիթիի վերկանգնման համար 562 մլն դոլար հատկացնելու կոչով է հանդես եկել։

Գլխավոր քարտուղարի օգնական Ջոն Հոլմսը Հայիթիում կատարվածը «սարսափելի ողբերգություն» է որակել։

Ավելի վաղ ՄԱԿ-ն առաջին օգնության համար իր հատուկ ֆոնդից 10 մլն դոլար էր տրամադրել Հայիթիին։

Հայիթիի ՆԳՆ վերջին տվյալներով, զոհերի թիվը կարող է հասնել 200 հազարի։ Ինչպես հայտնել է երկրի պետանվտանգության նախարար Արամիկ Լուիսը, արդեն 40 հազար մարդ է հուղարկավորվել։

ՄԱԿ-ի գնահատականով, երկրի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսում ավերվել է շենքերի մեկ երրորդը, այդ թվում՝ նախագահական նստավայրը, հիվանդանոցը, ՄԱԿ-ի գրասենյակը, բանտը եւ շատ դպրոցներ։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ առանց ջրի, պարենի եւ էլեկտրաէներգիայի են մնացել 3 մլն մարդիկ։