Կիրակի օրը` հունվարի 17-ին Ուկրաինայում անցկացված նախագահական ընտրություններում, նախնական տվյալներով, առավել ձայներ են ստացել ընդդիմության առաջնորդ Վիկտոր Յանուկովիչը եւ վարչապետ Յուլիա Տիմոշենկոն: Նրանք անցել են երկրորդ փուլ, որը տեղի է ունենալու փետրվարի 7-ին:

Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ձայների 70 տոկոսի հաշվարկի նախնական արդյունքները, որոնց համաձայն՝ թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել ստանալ քվեների ավելի քան 50 տոկոսը եւ հաղթանակ տանել առաջին փուլում։ Ըստ այդմ, Տարածաշրջանների կուսակցության ղեկավար, ռուսամետ Յանուկովիչը ստացել է քվեների շուրջ մոտ 36 տոկոսը։ Երկրորդ տեղում ընթացող արեւմտամետ վարչապետ Տիմոշենկոյի օգտին ձայն է տվել ընտրողների մոտ 24 տոկոսը։ Երրորդ տեղում հայտնվել է Ուկրաինայի Կենտրոնական բանկի նախկին նախագահ Սերգեյ Տիգիպկոն, ով նախնական տվյալներով, ստացել է մոտ 13 տոկոս ձայներ։ 4-րդ տեղում մոտ՝ 7 տոկոսով, Գերագույն ռադայի նախկին խոսնակ Արսենի Յացենյուկն է, իսկ ահա երկրի նախագահ Վիկտոր Յուշչենկոն, ով իշխանության եկավ 2004 թվականին՝ Ուկրաինայում իրականացված Նարնջագույն հեղափոխության արդյունքում, ստացել է քվեների մոտ 5 տոկոսը։

Հաղորդագրությունների համաձայն, ընտրությունները համեմատաբար խաղաղ են անցել, քվեարկությանը մասնակցել է ընտրողների 67 տոկոսը։

Նշենք, որ մինչ ընտրությունները վերլուծաբանները նշում էին, որ եթե Յանուկովիչի եւ Տիմոշենկոյի օգտին տրված քվեների միջեւ տարբերությունը 10 տոկոսից ավելին լինի, ապա հաղթանակի ավելի մեծ շանսեր կունենա Յանուկովիչը: Սակայն, հիմա շատ բան կախված է 3-րդ, 4-րդ եւ 5-րդ տեղերը զբաղեցնող թեկնածուների վարքագծից: Եթե նրանք, հատկապես 3-րդ տեղում հայտնված Տիգիպկոն, իր աջակցությունը հայտնի վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին, ապա շատ ավելի մեծ կլինեն հենց նրա հաղթելու շանսերը:

Հիշեցնենք նաեւ, որ Յանուկովիչը համարվում է ռուսամետ գործիչ եւ հայտարարել է, որ իր հաղթանակի դեպքում վերականգնելու է հարևան երկրների հետ նախկին կապերը, իսկ Տիմոշենկոն Նարնջագույն հեղափոխության առաջնորդներից մեկն էր: