Աֆղանստանում, Քաբուլի կենտրոնում հունվարի 18-ին հարձակման է ենթարկվել կառավարական շենքերի համալիրը:

Ինչպես հաղորդում է AFP-ն, վկայակոչելով «Թալիբան» շարժման մամուլի քարտուղար Զաբիհուլլի Մուջահիդին, կառավարական համալիրի տարածք են ներխուժել մոտ քսան մահապարտ-ահաբեկիչ: Ապա սկսվել է փոխհրաձգություն անվտանգության աֆղանական ուժերի հետ:

Կրակոցներն ու պայթյունները, «Ինտրեֆաքսի» փոխանցմամբ, լսվում են կենտրոնական բանկի եւ նախագահական պալատի մոտակայքից:

Զոհերի եւ տուժածների մասին պաշտոնական տեղեկատվություն դեռ չկա:

Ինչպես հաղորդում է Associated Press-ը, վկայակոչելով աֆղանական իշխանությունների ներկայացուցիչների հայտարարությունները, զինյալներից մեկը պայթեցրել է իրեն նախագահական պալատի մերձակայքում: Ականատեսները վկայում են 4 հզոր եւ մի շարք թույլ պայթյունների մասին, որոնք հնչել են Փուշտունիստանի հրապարակի շրջանում: Ահաբեկիչները հարձակվել են, երբ կառավարության նոր անդամները երդում էին տալիս: