Մյունխենի օդանավակայանի հատվածներից մեկը նախօրեին՝ հունվարի 20-ին փակել են ահաբեկչության վտանգի պատճառով: Խառնաշփոթը սկսվել է, երբ անվտանգության վերահսկողության աշխատակիցները ուղեւորներից մեկի ուղեբեռի ստուգման ժամանակ պայթուցիկ սարքի հետքեր են գտել:
Տղամարդը, որի նոութբուկը դրական ազդանշան է տվել պայթուցիկ սարքի առկայության ստուգման ժամանակ, թաքնվել է օդանավակայանի փակ մասում՝ չսպասելով ուղեբեռի ստուգման ավարտին: Ոստիկանության ներկայացուցչի խոսքով, կասկածյալի մոտ, բացի նոութբուկից, այլ բան չի եղել: Միջադեպը տեղի է ունեցել շենգենյան գոտու ներսում չվերթների համար նախատեսված հատվածում: Ուղեւորների համար այնտեղ անձնագրային վերահսկողություն չկա, միայն անվտանգության ծառայությունն է խուզարկում:
Կասկածելի ուղեւորի փնտրտուքի ժամանակ, ինչպես հաղորդում է BBC Russia-ն, օդանավակայանը փակվել է, իսկ մոտ 10 չվերթներ հետաձգվել են: Օդանավակայանը վերսկսել է աշխատանքը, երբ իրավապահները ստուգել են բոլոր ուղեւորներին եւ խանութների աշխատակիցներին, հաղորդում է «Ինտերֆաքսը»:




























