Վրաստանը ՆԱՏՕ-ի քննարկմանն է ներկայացրել 2010թ. գործողությունների ամենամյա ծրագիրը, որը հավանության է արժանացել: Ծրագիրը ներկայացվելու է ՆԱՏՕ-ի ինտեգրման պետական հանձնաժողովի հաստատմանն արդեն կիրակի՝ հունվարի 31-ին: Նշենք, որ Հյուսիսատլանտյան դաշինքի հետ մերձեցման Վրաստանի 2010թ. գործողությունների ծրագիրը նախատեսում է ռազմական բարեփոխման աճ, կոռուպցիայի դեմ պայքար, տեղական մարմինների ընտրությունների արդար անցկացում, ԶԼՄ-ների ազատության ապահովում եւ այլն:
Այսօր Բրյուսելում կայանալու է Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի հետ: Նրանք քննարկելու են աբխազական եւ հարավօսական հակամարտությունների գոտում իրավիճակը: Հանդիպման ընթացքում Բաքրաձեն եւ Ռասմուսենը քննարկելու են նաեւ, թե որ ուղղությամբ պետք է աշխատի Վրաստանը, որ ավելի արագ հասնի ՆԱՏՕ-ի չափորոշիչներին լիակատար համապատասխանության:
«Հիմնական շեշտերը դրվել են երկրի անվտանգության վրա, զավթված տարածքների հարցի, եւ նրա, թե ինչ կարող է անել Եվրախորհրդարանն այդ տեսանկյունից»,- հայտարարել է Բաքրաձեն:




























