Պակիստանում գրոհայինները սխալմամբ ազատ են արձակել մեկ շաբաթ առաջ առեւանգված 11 ուսուցիչներին: Այս մասին հայտարարել են տեղի իշխանությունները:

Ուսուցիչներին առեւանգել էին Պակիստանի հյուսիս-արեւմուտքում գտնվող դպրոցներից մեկում, որտեղ երեխաներին պոլիոմելիտի դեմ պատվաստում էին իրականացնում:

Իշխանությունների վարկածով՝ ծայրահեղականները ուսուցիչներին շփոթել են պատվաստում իրականացնող բժիշկների հետ: Գրոհայինների հետ բանակցություններից հետո նրանք ազատ էին արձակել բոլոր առեւանգվածներին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Պակիստանի հյուսիս-արեւմուտքում գրոհայիններն առեւանգել են երեխաների պատվաստումներով զբաղվող 11 մարդու: Reuters-ի տվյալներով՝ ծայրահեղականների խմբավորումն առեւանգել է Բարա շրջանի (Աֆղանստանին սահմանակից «ցեղերի գոտի») դպրոցներից մեկի ուսուցիչներին այն բանից հետո, երբ ուսումնական հաստատությունում ավարտվել է պոլիոմելիտեի դեմ երեխաների պատվաստումը:

Ինչպես հաղորդում են տեղական իրավապահ մարմինների ներկայացուցիչները, գրոհայինները առեւանգվածներին տարել են ծայրահեղականների կողմից վերահսկվող շրջան, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Պակիստանում գործող «Թեհրիք-ի-թալիբան Պակիստան» շարժման թալիբները հաճախ են հարձակվում բուժանձնակազմերի վրա, որոնք տեղացիներին պատվաստում են պոլիոմելիտի դեմ՝ տարածաշրջանում ամենավտանգավոր հիվանդություններից մեկը: Ծայրահեղականները հայտարարում են, որ ամեն տեսակ պատվաստում հակասում է մահմեդականության նորմերին, ու անհրաժեշտ է արգելել դա: