«Առաջիկա երկու օրերին աշխարհի ուշադրության կիզակետում Վիլնյուսն է լինելու. ոչ թե այն պատճառով, թե ինչ է տեղի ունենալու այնտեղ, այլ այն, թե ինչ տեղի չի ունենալու: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը, ով Լիտվայի խորհրդարանի փոխնախագահ  Գեդիմինաս Կիրկիլասի հրավերով Վիլնյուսում է, որտեղ մասնակցում է տարբեր գիտաժողովների եւ միջոցառումների: 

Նոյեմբերի 27-ին Վարդան Օսկանյանը «Հայաստանի հյուսիսային ընտրությունը եւ Եվրոպական Միության հետ հետագա հարաբերությունները» թեմայով դասախոսություն կարդաց Վիլնյուսի համալսարանում:

«Գագաթաժողովի հիմնական իրադարձությունը պետք է լիներ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը Ուկրաինայի հետ եւ նախաստորագրումը Մոլդովայի, Վրաստանի ու Հայաստանի հետ: Այսօր մենք գիտենք, որ Ուկրաինան չի ստորագրի, իսկ Հայաստանը չի նախաստորագրի Ասոցացման համաձայնագիրը: Սրանից երեք հարց է ծագում․

1. ի՞նչ է պատահել,

2. ի՞նչ է սա նշանակում,

3. ի՞նչ է սպասվում:

Առաջին հարցի վերաբերյալ ես չեմ կարող խոսել Ուկրաինայի փոխարեն, չեմ կարող խոսել նաեւ իմ երկրի կառավարության փոխարեն: Ես միայն կարող եմ ենթադրություններ անել, բայց չեմ անի: Թեեւ ենթադրությունները Հայաստանում բազմաթիվ են՝ աբսուրդից մինչեւ հնարավոր վարկածներ, ճնշումից եւ պարտադրանքից մինչեւ ազատ ընտրություն կամ սխալ որոշում: Չնայած ենթադրություններ չեմ անում, սակայն կասեմ, թե որը կլիներ իմ նախապատվությունը: Ես կցանկանայի, որ Հայաստանը նախաստորագրեր Ասոցացման համաձայնագիրը՝ միաժամանակ շարունակելով օգտվել Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի հետ գոյություն ունեցող ազատ առեւտրի համաձայնագրից։ Ես կուզենայի, որ Հայաստանը Եվրասիական միությունում ունենար դիտորդի կարգավիճակ՝ առանց վտանգելու ռազմավարական իր հարաբերությունները Ռուսաստանի հետ: Որպես նախկին արտգործնախարար՝ ես կարող եմ ասել, որ այդ սցենարը հնարավոր էր:

Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, թե ինչ է սա նշանակում, ապա դրան երեք տարբեր հարթություններում է պետք պատասխանել: Առաջինը գլոբալ հարթությունն է: Արդյոք սա Ռուսաստանի եւ Արեւմուտքի հեռահար աշխարհաքաղաքական մրցապայքա՞ր է: Արդյոք սա երկրորդ սառը պատերազմի մեթոդներ ու մտածողությո՞ւն է: Ես հակված եմ հավատալ, որ այդպես չէ:

Այս ամենի միջով մենք անցանք ՆԱՏՕ-ի ընդլայնման ժամանակ եւ դիմակայեցինք այդ փոթորկին: Ինտերնետի եւ բաց ու արագ հաղորդակցության մեր օրերում իսկապես շատ դժվար կլինի վերադառնալ Երկրորդ աշխարհամարտից հետո եղած իրադրությանը:

Իմ հիմնական մտահոգությունը սրա տարածաշրջանային հետեւանքներն են. արդյոք սա կխորացնի՞ բաժանումներն ու հատվածականացումը մեր տարածաշրջանում՝ Կովկասում՝ հաշվի առնելով այն փաստը, որ Վրաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը հավելյալ պատճառներ ունեն իրարից տարբերվելու եւ տարբեր իրադրություններում գտնվելու համար: Իմ մտահոգությունն առավելապես հայ-վրացական հարաբերություններն են, որտեղ ընդհանուր միակ տեսլականը՝ եվրոպական ինտեգրացիան, կարծես հօդս է ցնդում:

Երրորդ հարթությունը որոշման ներքին հետեւանքներն են Հայաստանի բնակչության համար: Այդ հարթությունում մեզ՝ հայերիս, Հայաստանի հանրության համար անհրաժեշտ է իմանալ, թե արդյոք նախագահի որոշումը արժեքահե՞նք որոշում էր, թե՞ այն միայն բխում էր տնտեսական եւ անվտանգության նկատառումներից: Ես հուսով եմ, որ դա արժեքահենք որոշում չէր, որովհետեւ դա կարող է բացասական խոր հետեւանքներ թողնել Հայաստանի վրա:

Վերջին՝ «ի՞նչ է սպասվում» հարցադրման վերաբերյալ կարող եմ ասել, որ հաշվի առնելով արժեքների մասին իմ մտահոգությունները՝ ես կարծում եմ, որ Եվրոպական Միությունն այժմ պետք է լինի ավելի զգոն, ավելի ներգրավված եւ էլ ավելի հաստատակամ ու Հայաստանի իշխանություններին «մեղավոր զգացնելով»՝ փորձի հնարավորություն տալ ապացուցելու, որ եվրոպական արժեքների որդեգրման եւ իրականացման առումով նրանք շարունակելու են խորացնել ժողովրդավարական գործընթացները»,- նշել է Օսկանյանը: