Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, և երկու երկրների հարաբերությունները կարգավորվում են ստորագրված երկկողմ պայմանագրերով և համաձայնագրերով, իսկ Գյումրու 102-րդ ռազմաբազան պետք է պաշտպանի Հայաստանի ոչ միայն արտաքին, այլև ներքին սահմանները։ Այս մասին նոյեմբերի 27-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե որքանով են իրականությանը համապատասխանում խոսակցությունները, որ Հայաստանը պատրաստվում է որոշ տարածքներ տրամադրել Ռուսաստանին։

«Խոսակցությունները մեկնաբանության կարիք չունեն, ընդամենը մի բան ասեմ, հայ-ռուսական ռազմավարական-դաշնակցական հարաբերությունների խորացումը բխում է մեր պետության շահերից, և չպետք է զարմանալ, որ Հայաստանը խորացնում է նաև իր անվտանգության մակարդակը, որովհետև մեր նման պետությունները որպեսզի ունենան կատարյալին մոտ անվտանգության համակարգ, պետք է լինեն կամ այս կամ մեկ այլ ռազմական կամ ռազմաքաղաքական բլոկի անդամ։ Հայաստանը ընտրել է ՀԱՊԿ-ն և ես կարծում եմ, որ այդ ընտրությունը արդարացված է»,-ասաց ՀՀԿ մամուլի խոսնակը։

Անդրադառնալով Վլադիմիր Պուտինի այցի հետ կապված բողոքի ակցիաներին Շարմազանովը ասաց, որ այդ հարցը ՀՀԿ ԳՄ նիստում չի քննարկվել։

 «Մեզ համար ընդունելի է ցանկացած բողոքի ակցիա, որն օրենքի սահմաններում է, անկախ նրանից՝ մենք այդ ակցիաների բովանդակության հետ համամիտ ենք, թե ոչ։ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և յուրաքանչյուր քաղաքացի, քաղաքական խումբ, քաղաքական կուսակցություն իրավունք ունի ՀՀ օրենսդրության սահմաններում իրականացնել բողոքի ակցիա, բայց միևնույն ժամանակ մեզ համար ընդունելի չէ որևէ օրենքի խախտում»,- աաց Շարմազանովը՝ ընդգծելով, որ դեկտեմբերի 2-ի այցից հետո հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում ավելի դրական միտում կնկատվի։