Իշխանությունների և ազատամարտիկների երկխոսությունը կարող է իրականանալ, եթե իշխանությունները ընդունեն, որ երկրում առկա է խորը ճգնաժամ, որ անհրաժեշտ են արմատական, ոչ թե կոսմետիկ բարեփոխումներ, եւ եթե իշխանությունները չունեն քաղաքական կամք՝ գնալու նման փոփոխությունների, ապա պետք է հեռանան: Այս մասին այսօր` նոյեմբերի 28-ին, ազատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների խորհրդի հրավիրած համահավաքին ասաց պահեստազորի փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանը:
Իր ներկայացրած երեք պահանջներին ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանի արձագանքից ազատամարտիկը հետեւություն է արել, որ իշխանությունները համառորեն չեն ընդունում երկրում առաջացած ողբերգական վիճակը եւ չեն իրականացնելու խորքային փոփոխություններ. «Նրանք սարսափում են հնարավոր իշխանափոխությունից... թքած ունեն ժողովրդի ու պետության վրա»։
Ազատամարտիկի խոսքով՝ Աճեմյանը անդրադարձել է իր առաջարկների միայն իշխանափոխության կետին՝ անվանելով այն ոչ պարկեշտ, որն ուղղորդված է երրորդ ուժերի կողմից։
«Այո, մենք բարձրացնում ենք իշխանափոխության հարցը, որպես վերջին հարկադրված քայլ, նախ համբերատար փորձելով դարձի բերել իշխանություններին, որպեսզի հենց իրենք իրենց ջանքերով շտկեն իրավիճակը»,-ասաց Խաչիկ Ավետիսյանը:
Նրա կարծիքով՝ միայն հզոր բողոքական ալիքի առկայության պարագայում իշխանությունները ստիպված կլինեն շարժվել տեղից և անցնել գործի: «Ինչ վերաբերում է այդ մեղադրանքներին, ապա ասեմ, որ մենք իսկապես ուղղորդվում ենք և մեզ ուղղորդում է ՀՀ Սահմանադրությունը»,- ասաց ազատամարտիկը:
Խաչիկ Ավետիսյանը ավելացրեց, որ հեղափոխությունները չեն կատարվում որևէ մեկի ցանկությամբ կամ թելադրանքով, այլ սոցիալ-տնտեսական հակասություններից, այն պահերին երբ այդ հակասությունները ստանում են զանգվածային ցասման տեսք, և այդ առումով Հայաստանը պարարտ հող է հեղափոխության համար:




























