Պետեկամուտների կոմիտեի ՄԴՊ եւ ԿՄՀ վարչության աշխատակիցները նոյեմբերի 28-ին Դուբայ-Երեւան չվերթով ժամանող ուղեւորների մաքսային հսկողությունն անցնելուց հետո, «Զվարթնոց» օդանավակայանի վարչական շենքին հարակից ավտոկայանատեղիում կանգնեցրել եւ ստուգման են ենթարկել նույն չվերթով ժամանած ՀՀ քաղաքացիներ (եղբայրներ) Արթուր Գագիկի Ավետիսյանի եւ Արմեն Գագիկի Ավետիսյանի ուղեբեռներն ու հագուստը:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե նրանց մոտից հայտնաբերվել են մաքսային ծառայության աշխատակիցներ Ռոբերտ Գյոժգյանի, Արթուր Բաբայանի, Սարգիս Դանիելյանի եւ Բաբկեն Լեւոնյանի թողտվությամբ առանց հայտարարագրման ՀՀ մաքսային սահմանով տեղափոխված եւ «Զվարթնոց» օդանավակայանի մաքսային հսկողության գոտու «Կարմիր ուղի» ընթացակարգով դուրս բերված 52 հատ IPhone եւ Sony Xperia մոդելի բջջային հեռախոսներ եւ 6 հատ Sony playstation տեսակի խաղային համակարգիչ:
Փաստի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայություն:





























