65-ամյա Լիպարիտ Գրիգորյանը մեղադրվում է թանկարժեք նկարներ գնել-վաճառվելու պատրվակով երկու քաղաքացու խաբելու մեջ՝ մեկին պատճառելով 32.600 ԱՄՆ դոլարի վնաս, մյուսին 300.000 եվրոյի: Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

65-ամյա Լիպարիտ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խաբեությամբ՝ թանկարժեք նկար, կտավ գնելու եւ վաճառելու պատրվակով Մերուժան Ոսկանյանից պահանջել եւ ստացել է 32.600 ԱՄՆ դոլարին համարժեք՝ 15.811.000 ՀՀ դրամ, որն օգտագործել է անձնական կամ այլ նպատակով: Մինչ օրս չի վերադարձրել գումարը եւ խարդախությամբ տիրացել առանձնապես խոշոր չափի գումարին։

Բացի այդ, խաբեությամբ՝ թանկարժեք նկարներ ձեռք բերելու եւ հետագայում դրանց վաճառքից գումար վաստակելու պատրվակով՝ Նատալյա Ավակովայից պարբերաբար ստացել է առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուր գումարը 300.000 եվրո գումարին համարժեք՝ 134.898.000 ՀՀ դրամ, որը խաբեությամբ հափշտակել եւ օգտագործել է անձնական կամ այլ նպատակով, Ն.Ավակովային պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս:

Քրեական գործ է հարուցվել  178   հոդվածի 3-րդ մասի  1-ին  կետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գործը դատարան է ստացվել նոյեմբերի 29-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: