Նախագահական նստավայրի մոտ նոյեմբերի 28-ից հերթական նստացույցը սկսած Աշոտ Խուդոյանի քույրը՝ Մարիետա Քալաշյանը, իր հասցեին հնչեցրած եղբոր մեղադրանքները զրպարտություն է համարում: Մարիետայի պատմելով՝ կտակը չի կեղծվել, և ոչ ինքը, ոչ էլ իր կարգադրությամբ ուրիշ մեկը անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էջմիածնի գրասենյակից չի գողացել իր պապու կտակն ու կեղծել այն, ինչպես պնդում է եղբայրը։
Ավելին, տիկին Քալաշյանը վստահեցնում է, որ ինքը չի պահանջել տան իր բաժինը մինչև այն պահը, երբ եղբայրը տունը վաճառքի է հանել: «Մենք ուզեցել ենք, որ էդ տունը ինքը շենացնի: Մենք չենք ուզեցել, որ ինքը տունը քանդի: Ոչ մեկ իրան տնից չի հանել, անգամ թույլ էլ չեմ տվել, էսքան իրա սրիկայություններից հետո իրա հետ բառ չեմ փոխանակել: Մի անգամ եմ տեսել դատարանում, հայհոյանքներով ընկավ հետևիցս»,-NEWS.am-ին պատմեց Մարիետա Քալաշյանը։
Նրա պատմելով՝ Աշոտ Խուդոյանը դեռ մանկուց աչքի է ընկել իր վատ վարքով և երեք անգամ դատվել է: «Ինքը պրոֆեսիոնալ գող ա: 10 մեռելի մոտով անցներ, 20-ին կտաներ: Բոլորի կոմիսիոնները նշան արած մտնում էր: Մի օր էլ արդեն գիտեին, որ մտնելու ա էդ կոմիսիոնը, զենքը պահած սպասում էին: Գլուխը շարժում ա, գնդակը մտնում ա բերանը, դրա համար էլ չանեն ծուռ ա»:
Մարիետայի պատմելով՝ սա առաջին դեպքը չէ, որ եղբայրը կարում է բերանը. «Ամեն տարի Կոշում բերանը կարում էր, հացադուլ էր անում, գնում, քանդել էի տալի: Ասում էին՝ հոդված կդնենք վրեդ, քանդում էր: Ինքը սովոր ա կարելուն. կկարի, կքանդի: Ես ասել եմ, ավելի լավ ա ցեպ դնես բերանիդ»:
Հեղինեին՝ Աշոտի երրորդ կնոջը, Մարիետայի պատմելով՝ Էջմիածնում ոչ ոք աշխատանք չի տալիս, երբ իմանում են, որ նա Աշոտ Խուդոյանի կինն է, իսկ եղբորից հոգնել են թե՛ Էջմիածնի դատախազությունում, թե՛ քաղաքապետարանում:





























