Հաքերները հարձակվել են Ուկրաինայի իշխանությունների կայքերի վրա՝ երկրի նախագահի, կառավարության ու ներքին գործերի նախարարության: Դեկտեմբերի 1-ի առավոտի դրությամբ այս ռեսուրսներն աշխատում են խափանումներով:
Ինչպես հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն, տեղի է ունեցել նախօրոք ծրագրավորված DDoS- հարձակում: «Տիժդեն» պարբերականը մեջբերում է ընդդիմադիր տրամադրություններ ունեցող տեղեկատվական տեխնոլոգիաների ներկայացուցիչների, ովքեր ի պատասխան «Եվրամայդանը» ուժի միջոցով ցրելուն խոստացել են արգելափակել պետական կայքերի աշխատանքը:
Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Դարկա Չեպակը Facebook-ի իր էջում հաստատել է երկրի ղեկավարի կայքում տեխնիկական խնդիրների մասին: Նրա խոսքով՝ քանի դեռ ռեսուրսի աշխատանքը չի վերականգնվել, մամուլի ծառայությունը նախատեսում է նորությունները հրապարակել պետական լրատվական «Ուկրինֆորմ» գործակալության լրահոսում:





























