Ռուսաստանը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջեւ ուղիղ շփումների վերականգնումը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 2-ին Հայաստան կատարած պետական այցի արդյունքների հիման վրա Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով՝ Հայաստանի ղեկավարության հետ բանակցությունների ընթացքում տարածաշրջանային ու միջազգային արդիական հարցերի քննարկման ենթատեքստում անդրադարձել են նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին:

«Գիտեք, որ վերջերս այցով եղել եմ Բաքվում: Ադրբեջանի նախագահի հետ նույնպես մանրամասն խոսել ենք կարգավորման հեռանկարների մասին: Շատ ուրախ եմ նշել, որ նոյեմբերի 19-ին Վիեննայում կայացած հանդիպումը ակնհայտ դրական բնույթ էր կրում: Մենք հույս ենք դնում կողմերի առողջ բանականության եւ կարգավորման ձգտման վրա, եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ամեն կերպ աջակցելու ենք դրան»,- հայտարարել է Վլադիմիր Պուտինը: