Ռուսաստանն ակնկալում է, որ միջազգային հանրությունը մոտ ժամանակներս նոր պայմանավորվածությունների եւ արդյունքների կհասնի Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Երեւանում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ  համատեղ ասուլիսում, նշեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որը Հայաստան է ժամանել պետական այցով:

Նա նաեւ ընդգծել է, որ դրա համար բոլոր պայմանները ստեղծված են:  ՌԴ նախագահի խոսքով՝ Ռուսաստանը ողջունում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածությունները:

«Այդ պայմանավորվածությունների հիմքում զգալի մասով ռուսական առաջարկներն են ընկած: Մենք միշտ ելնում ենք նրանից, որ այս բարդագույն խնդիրը պետք է լուծվի միջազգային իրավունքի եւ նորմերի հիման վրա, որն Իրանին պետք է միջուկային էներգետիկայի խաղաղ օգտագործման հնարավորություն տա, սակայն տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության պարտադիր ապահովման պայմանով»,-ասել է Պուտինը՝ հավելելով, որ սա միայն առաջին փուլն է եւ անհրաժեշտ է առաջ շարժվել: