ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այսօրվա այցելությունը 102-րդ ռուսական ռազմակայան մեծ խթան հանդիսացավ նրա ամբողջ անձնակազմի համար: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 2-ին, պետական այցով Հայաստանում գտնվող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պատվին կազմակերպված պետական ընդունելության ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ավելին՝ այն հստակ ազդանշան դարձավ բոլոր նրանց համար, ովքեր փորձում են կասկածի տակ դնել մեր դաշնակցային գործընկերության անկեղծությունը եւ լիարժեքությունը, թերագնահատում են մեր ռազմավարական փոխգործակցության ներուժը»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով Գյումրիի եւ ամբողջ Հայաստանի բնակիչները գնահատեցին, թե որքան խորհրդանշական է Պուտինի այցելությունը այդ քաղաքը հողին հավասարեցրած եւ տասնյակ հազարավոր մարդկային կյանքեր խլած` 1988 թվականի սարսափելի երկրաշարժի 25-րդ տարելիցի օրերին: «Ողբերգության առաջին օրերից մինչ այսօր Ռուսաստանը շատ բան է արել դրա վերականգնման համար: Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ծանր տարիներին ռուսական վարկի շնորհիվ Գյումրիում հաջողվեց կառուցել հազարավոր նոր բնակարաններ եւ տներ, ժամանակավոր շինություններում տասնամյակներով ապրած մարդկանց տանիք տալ եւ միաժամանակ աշխատանքով ապահովել հարյուրավոր հայ շինարարների: Ցանկանում եմ եւս մեկ անգամ երախտագիտությամբ ընդգծել այստեղ ներկա գտնվող Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովի անունը»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Հանրապետության նախագահը ներկաներին հիշեցրել է, որ ՌԴ Նախագահի այցը համընկնում է կարեւոր մի հոբելյանի հետ. այս օրերին Հայաստանում տոնում են Ստանիսլավսկիի անվան ռուսական դրամատիկական թատրոնի 75-ամյակը, որը, իրավամբ, համարվում է երկու ժողովուրդների մշակույթների փոխներթափանցման տաճարներից մեկը: Սերժ Սարգսյանը ներկաների անունից շնորհավորել է թատրոնին եւ նրա գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանին՝ ընդգծելով, որ թատրոնը մշտապես գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում:
Իր խոսքում նախագահը շնորհակալություն է հայտնել նաեւ Երեւանում այսօր բացված հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող «Միասնական խաչ» անվանմամբ հուշարձանի եւ Գյումրիում տեղադրված երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի հեղինակ, անվանի քանդակագործ Ֆրիդ Սողոյանին եւ նրա որդիներին:
































