Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը համարում է, որ երկրում տեղի ունեցող իրադարձություններում պետական հեղաշրջման նշաններ կան: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Կիեւում, նա հայտարարել է օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպման ժամանակ:
«Բոլոր եվրոպական երկրներում պատասխանատվության են ենթարկվում պետական հաստատությունների գործունեությունը խոչընդոտելու համար: Այնպես որ եկեք տարանջատենք խաղաղ հանրահավաքները, որոնց նկատմամբ ոչ ոք չի պատրաստվում ուժ կիրառել, եւ պետական հաստատությունների աշխատանքի արգելափակումը: Վերջինը չի կարելի համարել խաղաղ հանրահավաք: Դրանք բոլորը պետական հեղաշրջման նշաններ են»,-ասել է Ազարովը:
Նա ընդգծել է, որ սա շատ լուրջ իրավիճակ է, ուստի Ուկրաինայի ղեկավարությունը կցանկանար, որպեսզի մարդիկ ամենաթողության զգացողություն չունենային: «Մենք կցանկանայինք, որ դուք նրանց զսպեք ամենաթողությունից: Դուք նրանց վրա մեծ ազդեցություն ունեք»,-ասել է վարչապետը, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:
Ազարովը նաեւ հայտարարել է, որ Գերագույն Ռադան գրավելու պլան է պատրաստվում: «Ինչպես հասկանալ իրավիճակը, որ ներկայումս արգելափակված է մարդկանց մուտքը կառավարություն, էկոնոմիկայի նախարարություն, ֆինանսների նախարարություն: 46 միլիոնանոց երկրի բնակչությունը հիմա բառացիորեն մի քանի օրից կդադարի աշխատավարձ, թոշակ, նպաստ ու կրթաթոշակ ստանալ: Դուք հրաշալի հասկանում եք, որ Ֆինանսների նախարարության աշխատանքից կախված է ողջ երկրի ֆինանսավորումը: Ի՞նչ պատասխանատվություն են վերցնում այն մարդիկ, որոնք ապահովում են այդ արգելափակումը»,-ասել է երկրի վարչապետը:





























