Ալմաթայում ոստիկանությունը, որը ստուգումներ էր անցկացնում խոշոր հյուրանոցային համալիրում, ձերբակալել է մի քանի տասնյակ մարմնավաճառի:
Կանանցից մեկը փորձել է փախչել ու մտել է շենքի օդափոխիչ համակարգ: Սակայն, ներքին գործերի քաղաքային վարչության փոխանցմամբ, «գերագնահատելով իր ֆիզիկական հնարավորությունները՝ մնացել է նեղ անցուղու մեջ»: Ոստիկանության աշխատակիցները ստիպված են եղել փրկել նրան, հաղորդում է Tengrinews-ը:
Ձերբակալվածների թվում Ղրղըզստանի եւ Ուզբեկստանի քաղաքացիներ են: Նրանց այժմ կարտաքսեն Ղազախստանից. երկրի տարածքում, ինչպես պարզվել է, նրանք գտնվում էին՝ խախտելով միգրացիոն օրենսդրությունը:
Ղազախստանում օրենսդրությունը քրեական պատասխանատվության է ենթարկում մարմնավաճառության մեջ ներքաշման ու միջնորդության համար: Վերջերս վարչական պատասխանատվություն է սահմանվել «մարմնավաճառությամբ զբաղվելու համար տարածքի տրամադրման համար»: Ընդ որում, հենց մարմնավաճառության համար պատասխանատվություն սահմանված չէ:





























