Հնդկաստանի նախարարների կաբինետը հինգշաբթի հաստատել է օրենք, որով Թելանգանը առանձնացվում է Անդհրա-Պրադեշ հարավային նահանգից ու դառնում երկրի 29-րդ նահանգը, հաղորդում է IBN հետուսատաալիքը:
Ներքին գործերի նախարար Սուշիլկումար Շինդեն հայտարարել է, որ կառավարությունը հույս ունի խորհրդարանի ձմեռային նստաշրջանին կհաստատվի Թելանգանի մասին օրենքը: Մինչ այդ այն պետք է ստորագրի Հնդկաստանի նախագահ Պրանաբ Մուկերջին: Նոր նահանգի ստեղծման կողմնակիցները ձգտում էին դրանում 12 շրջանների ներառմանը, սակայն նախարարների կաբինետն ի վերջո սահմանափակվել է 10 շրջաններով: 10 տարվա ընթացքում Անդհրա-Պրադեշի ներկա մայրաքաղաք Հայդարաբադը կլինի ընդհանուր երկու նահանգների համար, հետո կդառնա միայն Թելանգանի մայրաքաղաքը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Այս պահին Թելանգանին է պատկանում Անդհրա-Պրադեշ նահանգի բյուջեի եկամուտների 60 տոկոսը, այնտեղ է բնակվում նահանգի բնակչության 40 տոկոսը: Թելանգանի առանձնացման համար շարժումը սկսվեց այն պատճառով, որ շատ բնակիչներ համարում են, թե Անդհրա-Պրադեշի իշխանությունները բավականաչափ չեն աշխատում ռեսուրսներով հարուստ իրենց շրջանի զարգացման համար: Անդհրա-Պրադեշի բաժանման դեմ հանդես էին գալիս միայն առափնյա հատվածի՝ Սիմանդհրիի բնակիչները:
Փորձագետները նշում են, որ նոր նահանգ ստեղծելով, Հնդկաստանի իշխող կոալիցիան հույս ունի իրեն ապահովել Թելանգանի ընտրազանգվածի աջակցությամբ 2014թ.-ի խորհրդրանական առաջիկա ընտրություններում:





























