Սիրիայի հայերով բնակեցված Էլ-Քամիշլի քաղաքի Ալ-Թայ թաղամասում, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, տեղի ունեցած պայթյունների հետեւանքով զոհվել է Վաղո Թովմասյանը: Այս մասին NEWS.am-ին հայտնել են իր աղբյուրները: Պայթյունների հետեւանքով վիրավորվել են նաեւ երկու հայեր՝ Խաչիկ Աբրահամյանն ու Գեւորգ Գրիգորյանը: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Բացի այդ, Հալեպում զոհվել է Առաքել Թերզյանը:
Սիրիայի պետական ՍԱՆԱ գործակալության փոխանցմամբ՝ Հասակե նահանգի Էլ-Քամիշլի քաղաքում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է ականապատված մեքենան, որի հետեւանքով զոհվել է 6, վիրավորվել 30 մարդ: Նրանց մեծ մասի վիճակը ծայրահեղ ծանր է:
Հասակեի ոստիկանական վարչության աղբյուրը հայտնել է, որ ահաբեկչությունը տեղի է ունեցել բազմամարդ շրջանում, որի հետեւանքով վնասվել են բնակելի շենքեր, խանութներ, մեքենաներ, էլեկտրահաղորդման գծեր:




























