Կենսաբանները արդեն երկար տարիներ հետազոտում են դելֆինների վարքը եւ շփման ու կարեկցության զարմանալի ընդունակություններ ունեն։

Նրանք ոչ միայն կարողանում են սեր խոստովանել, այլեւ սիրելիներին ծաղիկներ են նվիրում։ Նրանք նաեւ ընտանեսեր են եւ հոգատար ծնողներ։

Ռեժիսոր Ռոբ Պիլեյին հաջողվել է ինքնատիպ ֆիլմ նկարահանել այս զարմանալի էակների մասին։  Մոզամբիկի ափերում նկարահանող խումբը քարերի տակ եւ ձկների վրա տեսախցիկներ է տեղադրել, որոնց շնորհիվ կարելի է տեսնել, թե դելֆիններն ինչպես են սեթեւեթում, խանդում, նեղանում եւ անգամ երկրորդ կեսին ծաղիկներ նվիրում։

Ճիշտ է, սկզբում արուն որոշակի արարողակարգի է դիմում՝ լողակներով, քթով եւ պոչով բարդ շարժումներ կատարելով,  կարծես թե էգին համոզելով ընդունել նվերը, իսկ երբ վերջինս համաձայնում է, ուրախանում է՝ ջրում պտույտներ կատարելով, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:

Զարմացնում է դելֆինների քնքուշ, միաժամանակ  խիստ վերաբերմունքը  ձագերի նկատմամբ: Մայրերը եւ հայրերը շատ ամուր գրկում են իրենց փոքրիկներին լողակներով եւ նրանց տեղափոխում ավելի հեռավոր տարածություններ: Մարդկանց նման դելֆինները կարողանում են ընկերություն անել եւ հավատարիմ են մնում իրենց մտերմությանը: