Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը Եվրամիության առաջնահերթություններից մեկն է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Բրյուսելում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրամիության պատվիրակության ղեկավար, մինչեւ տարեվերջ ԵՄ-ն նախագահող երկիր Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչուսը:
«Մենք ողջունում ենք նոյեմբերի 19-ին Վիեննայում տեղի ունեցած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Ոգեւորում է, որ նրանք համաձայնել են շարունակել բանակցությունները եւ մոտակա ամիսներին կրկին կհանդիպեն»,-ասել է Լինկյավիչուսը:
Նրա խոսքով՝ Եվրամիության դիրքորոշումը մնում է նույնը՝ հակամարտող կողմերի միջեւ հիմնական միջնորդը ԵԱՀԿ Մինսկի խումբն է: «Մենք կփորձենք ավելին անել նրանց աջակցելու առումով եւ օգնենք կողմերի միջեւ վստահության ձեւավորմանը»,-ասել է Լիտվայի ԱԳ նախարարը: Միաժամանակ, նա խորը մտահոգություն է հայտնել ագրեսիվ հռետորության առթիվ, նշելով, որ դա մեծացնում է լարվածությունը, խանգարում խնդրի կարգավորմանը:




























