Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ընդունել է Հայաստանում Լատվիայի նորանշանակ դեսպան Էլիտա Գավելեին (նստավայրը՝ Թբիլիսի)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ, նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց երկու երկրների միջեւ ձեւավորված բարեկամական հարաբերությունների եւ զարգացող համագործակցության առնչությամբ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հույս հայտնեց, որ Լատվիայի նորանշանակ դեսպանը իր կարեւոր ներդրումը կունենա հայ-լատվիական տարբեր ոլորտներում փոխգործակցության առավել ամրապնդման գործում: Էդվարդ Նալբանդյանը նաեւ արտգործնախարարության աջակցությունը հայտնեց դեսպանին նրա առաքելության իրականացման ընթացքում:
Դեսպան Գավելեն, շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ բարեմաղթանքների համար, ընդգծեց, որ Լատվիան մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ համակողմանի հարաբերությունների խորացմանը եւ հավաստիացրեց, որ կանի առավելագույնը երկկողմ համագործակցության առավել ընդլայնման համար:
Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին երկկողմ փոխգործակցության օրակարգային հարցերի՝ քաղաքական երկխոսության ակտիվացման, միջխորհրդարանական, ապակենտրոնացված համագործակցության զարգացման, առեւտրատնտեսական կապերի խորացման շուրջ։
Զրուցակիցներն անդրադարձան նաեւ Հայաստան- Եվրոպական միություն հարաբերություններին, քննարկեցին տարածաշրջանային խնդիրներ:





























